Логотип

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 23-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 40 ԵՐԿՐԻ 90 ՖԻԼՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ

Հուլիսի 12–19-ը Երևանում կայանալիք «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում 40 երկրի 90 ֆիլմ կցուցադրվի։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Նրա խոսքով` կինոփառատոնի ծրագիրը կլրացվի համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների, դերասանների և կինոքննադատների հետ հանդիպումներով, վարպետության դասերով և ստեղծագործական քննարկումներով։

Կարեն Ավետիսյան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական ֆիլմով, որը նկարահանվել է Հայաստանում հայ և ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ։

Այս տարի կազմակերպիչները կրկին հրաժարվել են ավանդական կարմիր գորգից, որին կփոխարինի ռուս նկարիչ Իգոր Գուրովիչի բացառիկ դիզայներական գորգը։

«Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի գլխավոր փառատոներից մեկի՝ «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերն է ու հովանավորը։ Այս տարի փառատոնային միջոցառումների համար հատկացվել է 130 միլիոն դրամ։ Սա պայմանավորված է փառատոնի զարգացմամբ և միջազգային հեղինակության ամրապնդմամբ», – ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Լևոն Հովհաննիսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանն էլ նշեց, որ փառատոնը վաղուց կարևոր իրադարձություն է ոչ միայն հայկական կինոյի, այլև միջազգային հանդիսատեսի համար։

«Տարբեր երկրներում ապրող իմ շատ ընկերներ և գործընկերներ, հունիս և հուլիս ամիսներին իրենց արձակուրդները պլանավորելիս նախ ստուգում են «Ոսկե ծիրանի» անցկացման ամսաթվերը։ Մարդիկ իրենց ծրագրերը պլանավորում են այնպես, որ կարողանան փառատոնին մասնակցել», – ասաց նա։

Տիգրան Վիրաբյան

Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ կինոփառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն պատվավոր հյուրերը և միջազգային ժյուրիի անդամներ։

Այս տարվա ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է։ Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:

Ժյուրիի կազմում է իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր Մարկ Քազընսը, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր և վավերագրական ֆիլմեր:

Ժյուրիի կազմում է նաև արգենտինացի դերասան Նաուել Պերես Բիսկայարտը, որը առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:

Ժյուրիի մյուս անդամը կանադացի գրող, պրոդյուսեր Մարկ Պերանսոնն է, որը եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:

Ժյուրիի կազմում է նաև գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր Շերմին Լանգհոֆը, որը 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

Sputnik Արմենիա