Բաքվի բանտերի դժոխքում մնացող հայ գերիների մասին գրելը հասկանալի պատճառներով շատ դժվար է։ Չգրելը՝ անհնար և անթույլատրելի. այս ցավոտ խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը Բաքվի վրա միջազգային ճնշման կարևորագույն պայմանն է: Բայց երիցս ավելի դժվար է խոսել Արցախի առաջնորդների հաճախակիացած ձայնուղերձների մասին, որոնց հետևում հաստատ թաքնված է կա՛մ երկու հանցավոր ռեժիմների հերթական հակահայկական մտահղացումը, կա՛մ գերիների օգտագործումն Ալիևի կողմից որպես Փաշինյանի վրա ազդելու գործիք։
ՍԿԶԲՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՓԱՍՏԵՐԸ: ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (միակ կազմակերպությունը, որը գերիներին տեսակցելու հնարավորություն ուներ) դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների պահանջով: Դեկտեմբերի վերջին նրա աշխատակիցներին հաջողվեց ևս մեկ անգամ այցելել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին, և այսօրվա դրությամբ դա ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ բանտարկյալների վերջին ֆիզիկական շփումն էր:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ արդեն ուղիղ 7 ամիս է, ինչ հայ գերիներն ու պատանդները լիովին մեկուսացված են միջազգային հսկողությունից և որևէ մեկի հետ շփումներից, բացի ադրբեջանցի բանտապահներից ու պաշտոնյաներից։ Նրանց ճակատագիրը, առողջությունը, հարազատների հետ հազվադեպ հեռախոսային շփումները, նրանց կյանքը լիովին ու ամբողջությամբ կախված են Ադրբեջանի իշխանություններից, իմա՝ Իլհամ Ալիևից։ Սա կասկածի ոչ ենթակա այն իրականությունն է, որից էլ պետք է ելնել նրանց բոլոր հայտարարություններն ու ուղերձները գնահատելիս և վերլուծելիս։
Այստեղից հետևում է մեկ այլ փաստ. որքան էլ ցավալի է գիտակցել, Բաքվի բռնապետը բոլոր հնարավորություններն ու լծակներն ունի մեր հայրենակիցներին ի նպաստ սեփական շահերի օգտագործելու և նրանց որևէ քայլի հարկադրելու համար: Որքան էլ տոկուն լինեն այդ մարդիկ, ինչպիսի արիությամբ էլ օժտված լինեն, մարդկային համբերությունը, դիմացկունությունը և ուժը սահման ունեն: Չենք խոսում արդեն այն մասին, որ խնդրով վաղուց զբաղվող փորձագետներին հայտնի են գերիների հոգեկանի և վարքի վրա արդյունավետ ներգործության բազմաթիվ դեպքեր դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներից. էլ ուր մնաց ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում։
Ուստի պետք է հստակ գիտակցել ևս մեկ փաստ. այն ամենը, ինչ հրապարակվում է ադրբեջանական մամուլում (այդ թեմայով տեղեկատվության միակ բաց աղբյուրը հայ հասարակության համար), նրանց ցանկացած խոսք, շարժում, շփում միմյանց հետ, ցանկացած լուսանկար կամ տեսանյութ Բաքվի կայքերում հրապարակվում է միմիայն հատուկ ծառայությունների և նախագահի աշխատակազմի մանրակրկիտ ընտրությունից և հավանությունից հետո։
Այս ամենը, իհարկե, նորություն չէ։ Բայց վերոնշյալ փաստերն անպայման պետք է նկատի ունենալ, երբ Բաքվից մեզ հերթական ուղերձն է հղվում մեր գերիների ու պատանդների ձայնով, որի ոչ մի բառ կամ նրբերանգ չի անցել գրաքննության աչքերի ու ականջների կողքով։ Բնավ պատահական չէ, որ Ադրբեջանից ԿԽՄԿ-ի վերջնական հեռանալուց հետո էր, որ համացանցում սկսեցին հայտնվել Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների ձայնուղերձները։
Եվ եթե սկզբում այդ ուղերձներն ավելի շուտ անձնական բնույթ էին կրում, գնահատականներ բովանդակում վերջին 3 տարիներին տեղի ունեցածի մասին և վերաբերում «դատավարություններին» ու զանգվածային իրավախախտումներին՝ միջազգային ատյաններին դիմելու հարցում օգնելու կոչերով, ապա մայիսին ամեն ինչ փոխվեց։ Ուղերձների հիմնական թեման դարձավ սուր քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին և մեղադրանքները, որ նրանք ոչինչ չեն անում գերիներին ազատ արձակելու համար։
ՎԵՐՋԻՆ 3-4 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ՝ Ռուբեն Վարդանյանի, երկու անգամ՝ Դավիթ Իշխանյանի, երկու անգամ՝ Դավիթ Բաբայանի, իսկ օրերս՝ Դավիթ Մանուկյանի ուղերձների ձայնագրությունները: Դրանք բոլորը փաշինյանական ռեժիմին ուղղված մեղադրանքներ են բովանդակում ինչպես անգործության և գերիների ազատ արձակմանը հասնելու դժկամության, այնպես էլ ընդհանրապես ապազգային քաղաքականության վերաբերյալ։
Հաշվի առնելով վերն ասված ամենը՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ է թաքնված հայ հասարակության հետ Ալիևի այդպիսի «հաղորդակցության» բուն փաստի հետևում։ Ինչի է նա ուզում հասնել՝ թույլ տալով, որ գերիները ողջ թափով քննադատեն «դատավարությունները», հրապարակավ խոսեն այն սանձարձակ կամայականության մասին, որ կատարվում է նիստերի ժամանակ, և սուր քննադատությամբ հանդես գան Նիկոլի ու Հայաստանի իշխանությունների հասցեին։ Երկու հանցագործների համատեղ մտահղացումն է արդյոք ձայնուղերձների այս շղթան, որն անկասկած շարունակվելու է, թե՞ Փաշինյանը հայտնվել է սեփական դավաճանության, վախկոտության ու ստորության ծուղակում:
Պետք է ի սկզբանե ընդգծել. Ալիևը վստահ է, որ «ժողովրդավարական հանրությունը» շարունակելու է աչք փակել հայ գերիների հետ կապված ամենի վրա։ Առավելևս՝ ՀՀ իշխանությունների լռության և նրանց կողմից իր գործողությունների փաստացի սատարման պայմաններում։ Մնացյալ ամենը՝ փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերը, Եվրախորհրդարանի առանձին բանաձևերը և ԱՄՆ Կոնգրեսի ազդանշանները դեռևս էական ազդեցություն չեն ունենում իրավիճակի վրա։
Ճիշտ է, Ռուբեն Վարդանյանի գործը վերջապես հաջողվեց ուղարկել ՄԻԵԴ, բայց դա անմիջական սպառնալիք չէ Ադրբեջանին, համենայնդեպս՝ մոտ ապագայում։ Բացի այդ, Ալիևն արդեն այն աստիճան է լկտիացել, որ անտեսում է նաև այդ կառույցը։ Եվ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, չլկտիանա, եթե դարձել է արևմտյան աշխարհի սիրելին, իսկ ժողովրդավարության և իրավունքի դեմ նրա բոլոր անհամար մեղքերն ու հանցագործությունները իսպառ մոռացվել են հանուն աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի։
Եթե սա համատեղ ծրագիր է, ապա այդ երկուսի գլխավոր նպատակը հայ հասարակության տրամադրությունների վրա այդ կերպ ազդելու հնարավորությունն է։
Բաքվում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի հասցեին արցախցի գործիչների քննադատությունը լոկ ուժգնացնում է նրա հետևորդների ատելությունն ու թշնամանքը փախստականների և Արցախի հետ կապված ամենի նկատմամբ, ինչպես նաև արդարացնում, կրկնեմ՝ նրանց հիվանդ ուղեղում, եթե այդպիսին առկա է, իշխանությունների անգործությունը գերիների վերադարձի հարցում։
Երկրորդ հնարավոր վարկածը (ասենք՝ առաջինը չբացառող) հետևյալն է. գերիների շուրթերով Ալիևը սպառնում է Նիկոլին կոնկրետ բացահայտումներով՝ կապված 44-օրյա պատերազմի ելքի և Արցախի ճակատագրի հետ։ Նախկին բոլոր ութ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ, անկասկած, կարևոր տեղեկատվության են տիրապետում, նույնիսկ այն պարագայում, որ այդ ժամանակ իշխանության ղեկին չեն եղել, բացի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից: Եվ Նիկոլը, բնականաբար, շատ լավ գիտի այն ամենը, ինչ կարող է պատմել Հարությունյանը։ Նամանավանդ՝ Ալիևի «զգոն ղեկավարության» ներքո։
ԱՄԵՆԵՎԻՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԼՂՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՅԺՄ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՍՏՎԵՐՈՒՄ՝ որպես «պահեստային», հենց նրա բացահայտումներով առաջին հերթին սպառնալով Փաշինյանին, որպեսզի նոր արմատական զիջումներ կորզեն նրանից. լինի դա Սահմանադրության, անկլավների, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը։
Կասկածից վեր է, որ Փաշինյանը վաղուց համաձայնություն է տվել բոլոր այդ պահանջներին, մյուս կողմից՝ դրանց արագ լուծումը հօգուտ Ադրբեջանի սպառնում է իրեն խնդիրներով, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի բավական անկայունությունն ու պայթյունավտանգությունը։
Իսկ ամենագլխավորը. մենք չգիտենք, թե էլ ինչ է պահանջում Ալիևը, և էլ ինչին է համաձայնել Փաշինյանը։ Թուրքերի ախորժակի մասշտաբները, ինչպեսև նրանց դրածոյի այլասերվածության ու ստորության աստիճանը իսկապես անսահման են։
Միանգամայն հնարավոր է, որ պատերազմից գրեթե 6 տարի անց Փաշինյանն ընկել է սեփական ծուղակը՝ ի սկզբանե թույլ տալով վերածել հայ գերիներին քաղաքական կեղտոտ սակարկման առարկայի և գործնականում չթաքցնելով Արցախի ութ առաջնորդների ազատ արձակման ծայրահեղ անցանկալիությունն իր համար: Ի թիվս ամենի, նա վախենում էր, որ նրանք կարող են սկսել խոսել գերությունից վերադառնալուց հետո։ Հիմա Ալիևը սպառնում է Փաշինյանին նրանով, որ կստիպի Բաքվից խոսել հենց նույն Հարությունյանին։
Ցինիզմն ու անմարդկայնությունը ոչ միայն պարզապես ծայրահեղ են. երկու հանցակիցները վաղուց հատել են իրավական ու բարոյական բոլոր հնարավոր ու անհնար սահմանները, հետապնդելով յուրաքանչյուրը իր, բայց երկուսն էլ՝ ոչ միայն խորապես հակահայկական, այլև հակաքաղաքակրթական ու հակամարդկային նպատակներ։
… Անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ արեց Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին: Մեկ օր անց գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ տվյալներ են ստացվել վնասվածքների և նրանց վիճակի վատթարացման մասին՝ չբացառելով, որ դա կարող է բռնության հետևանք լինել:
Ամենայն հավանականությամբ, Բաքվում, չկարողանալով ազդել հանձնաժողովի քվեարկության վրա, որոշել են այդ կերպ ցույց տալ, թե ոչ ոք իրավունք չունի միջամտել հարցին, իսկ նման քայլերի հետևանքներն իրենց վրա կզգան հենց գերիները։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։ Ինչպեսև այն փաստի արձանագրումը, որ Երևանից կրկին միայն քար լռություն է «հնչում». ինչպես վերջերս հայտարարեց Արաբատ Միրզոյանը, իրենք կարձագանքեն, եթե հարկ համարեն:
Ինչևէ, Նիկոլի համար լարած ծուղակը կարող է փակվել բոլոր կողմերից. Ծուղակ, ուր նա ինքն է իրեն քշել՝ համակված ոչ միայն ամեն ճշմարիտ հայկականի հանդեպ կենդանական ատելությամբ, այլև անսահման իշխանության ծարավի ու ագահության մոլուցքով…
