ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է սիրիական երթուղին որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք օգտագործելու հնարավորությունը:
«Դա հրաշալի է»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում՝ այդպես մեկնաբանելով Washington Post թերթի նյութն այն մասին, որ Սիրիան կարող է նոր տարանցիկ միջանցք դառնալ Պարսից ծոցից նավթի և ապրանքների համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:
Թերթի տեղեկություններով՝ Պարսից ծոցից նավթ տեղափոխող շուրջ 5 հազար բեռնատարներ շուրջօրյա սիրիական անապատով արդեն շարժվում են դեպի Միջերկրական ծով: Թերթի տվյալներով, Սիրիան նաև ցանկանում է տարանցիկ կենտրոն դառնալ ոչ միայն նավթի և գազի, այլև այլ բեռների համար:
Բացի այդ, Թրամփի վարչակազմի կողմից աջակցվող 5,7 միլիարդ դոլար արժողությամբ «Chevron» նախագիծը նախատեսում է Իրաքի Բասրա քաղաքից սիրիական Բանիյաս նավահանգիստ նավթամուղի կառուցում՝ օրական մոտ 2 միլիոն բարել թողունակությամբ, ինչը թույլ կտա նավթ մատակարարել Միջերկրական ծովով:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախօրեին հայտարարել է, որ երկու տարի անց Հորմուզի նեղուցը ջրի անօգուտ հատված կլինի: Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը պնդել էր, որ Իրանի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Հորմուզը կհայտարարի ԱՄՆ տարածք:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը այնտեղով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Վերջին օրերին նեղուցով անցնող նավերի ինտենսիվությունը խիստ նվազել է, իսկ խոշոր նավթային լցանավերն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն:
Sputnik Արմենիա
