Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք` հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով, անցնելով չորս անդամ պետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով: Այդ մասին Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
«Այս պետությունները գտնվում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում պատերազմների և Կենտրոնական Ասիայում քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները Եվրոպան դեռ չի ընկալել։ Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրական հնարավորություն այս առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, և Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար», – ասել է նա։
Մասնավորապես, խոսելով Թուրքիայի մասին, նա ընդգծել է, որ այն ՆԱՏՕ-ի ամենամեծ անդամներից մեկն է բնակչության թվով և ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ռազմական տերությունը, ուստի մայրցամաքում անվտանգության վերաբերյալ որևէ լուրջ քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Անկարայի։
«Կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնք կարող են պահպանել վստահությունը, իրավունքների նկատմամբ հարգանքը և հասարակությունների միջև հաշտեցումը, ինչը ապահովում է ընդհանուր իրավական տարածքը», – եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
Aysor.am
