ԷԿՈԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մեծ դահլիճում տեղի ունեցավ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին պրոֆեսոր Սաղաթելյանի ընտանիքի անդամները, ընկերները, գիտական գործընկերները, ուսանողներն ու էկոկենտրոնի և ակադեմիայի աշխատակիցները։
Միջոցառման սկզբում Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրեց այն մեծ ավանդն ու կարևոր փորձը, որ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը փոխանցել է իր աշակերտներին և ցանակացած մարդու, ով գոնե մեկ անգամ հնարավորություն է ունեցել շփվել մեծանուն գիտնականի հետ։
Ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի կյանքին և գիտական գործունեությանը նվիրված «Իմ սիրտը լեռներում է․․․» ֆիլմը, հետո ներկաները պատմեցին Ա. Սաղաթելյանի մասին իրենց հուշերը։
Լիլիթ Սահակյանը նշեց, որ Հայաստանի համար դժվար ու մութ 90-ականներին Արմեն Սաղաթելյանը հիմնադրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որը 30 տարի անց ձեռք է բերել ազգային և միջազգային ճանաչում։
«Կարևորում եմ շեշտել մեր կենտրոնի ստեղծման տարեթիվը, որպեսզի այսօրվա երիտասարդները հասկանան, որ եթե 1993 թվականին կարողացել ենք հառնել, հիմա էլ պետք է ջանք գործադրենք, բյուրեղանանք, հավաքենք մեզ և գնանք առաջ», - ասաց նա։
Լիլիթ Սահակյանը շեշտեց, որ Արմեն Սաղաթելյանը Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի ստեղծողն էր։ Ի հիշատակ Արմեն Սաղաթելյանի՝ արդեն երրորդ տարին անցկացվում է երիտասարդական ամառային դպրոց՝ շրջակա միջավայրի գիտությունների թեմայով։ Դպրոցի այս տարվա խորագիրն է «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ»։
ԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց Արմեն Սաղաթելյանի գիտահետազոտական գործունեությունը, նրա ներդրումը հետազոտությունների ապրանքայնացման և նորարարացման գործում։
«Նա առաջատար գիտնական և գիտության հմուտ կազմակերպիչ էր։ Ես տեսել եմ, թե ինչպես է Արմեն Սաղաթելյանն աշխատում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համար և յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այդ աշխատանքային կոլեկտիվը ընտանիքի պես էր։ Կենտրոնը գիտեինք Արմենով, Արմենին՝ կենտրոնով», - ասաց Աշոտ Սաղյանը։
Գիտնականի ավագ որդին՝ Արման Սաղաթելյանը, խոսելով հոր կերպարի մասին՝ որպես գիտնականի և մի մարդու, որը կարողանում էր ամեն բան հասցնել և ապրել, խոստովանեց, որ միստիկ մի բան կա այդ երկու մարդկանց միաձուլման մեջ։
Արմեն Սաղաթելյանի ընկեր Նվեր Թորոսյանն ընդգծեց՝ գիտնականի մասնագիտական կարծիքը լսելու համար նրան էին դիմում միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
«Նա միշտ կարողանում էր գտնել և իր շուրջը հավաքել լավագույններին»,-ասաց Ն. Թորոսյանը։
Էկոկենտրոնի թիմի անդամ, պրոֆեսոր Սաղաթելյանի աշակերտ Շուշանիկ Ասմարյանը կարոտով հիշեց նրա հետ աշխատած տարիները։
«Շատ քչերին է հաջողվում կյանքում հանդիպել մի մարդու, ով շատ մեծ դեր է ունենում՝ ինչպես մարդ, այնպես էլ որպես մասնագետ կայացման գործում։ Միշտ ասում էր «մի՛ վախեցիր», եղեք օբյեկտիվ, մի՛ վախեցեք ձերը պնդելուց։ Նրանից մեր սովորածն այսօր մենք փոխանցում ենք մեր սաներին»,-ասաց Շ. Ասմարյանը։
Սննդագետ Դավիթ Պիպոյանը, որը նույնպես աշխատել է Արմեն Սաղաթելյանի ղեկավարությամբ, հիշեց ուսուցչի խոսքերը։
«Սաղաթելյանն ասում էր, որ անկախության պիլոտաժը պրոֆեսիոնալիզմն է. պրոֆեսիոնալներին չեն սիրում, բայց հարգում են։ Ուներ ռոմանտիկ գաղափարներ, որոնք առաջին հայացքից գուցե անիրատեսական թվային, բայց նա հավատում էր իր գաղափարին ու իրագործում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պրոֆեսորն աշակերտներին կրթելու այլ մեխանիզմ ուներ, դրանք ավանդականից տարբեր էին, բայց միշտ բերում էին լավագույն արդյունքի։
Էկոկենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Օլյա Բելաևան հիշեց՝ ուսուցիչը հաճախ էր ասում, ամենակարևոր բանը այն մարդիկ են, ում դու հավաքում ես քո շուրջ, կամ դու ես գնում ու միանում։
«Լինելով երկրաբան Արմեն Սաղաթելյանը ամեն ինչ տեսնում էր իր ամբողջականության մեջ»,-ասաց նա։
Միջոցառման ընթացքում այնուհետև տեղի ունեցավ «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները, գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ, որոշումների կայացում» խորագրով պլենար քննարկում, որին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։