Փաշինյանը չի ընդունել ցուցարարներին

«Սպայկա» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները երկուշաբթի պահանջել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել Ղազարյանի ազատ արձակման երաշխիքներ։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչը երկուշաբթի բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։

Ինչպես նշել է «Սպայկա» ՍՊԸ–ի նախագծերի վարչության բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ընկերության աշխատակիցները պահանջում են չեղարկել Ղազարյանի կալանքը։

«Վարչապետից պահանջում ենք Ղազարյանի ազատ արձակման անձնական երաշխիքներ։ Մենք ոչ մեկին չենք հավատում և խնդրում ենք, որպեսզի նա անձամբ մեզ երաշխիք տրամադրի կալանքը չեղարկելու համար։ Մենք չենք պահանջում միջամտություն և ճնշում դատարանի վրա, այլ պարզապես խնդրում ենք միջնորդություն, ինչը կարող է անել ցանկացած պաշտոնյա», – ասել է Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Ղազարյանը Հայաստանում արդեն ներդրել է 150 մլն դոլար և մտադիր է ներդնել ևս 100 մլն դոլար, ինչն ինքնին արդեն երաշխիք է, որ նա մտադիր չէ փախչել երկրից և պատրաստ է շարունակել բիզնեսը։

Նա նաև նշել է, որ ընկերությունը չի հրաժարվում հարկեր վճարելուց` պահանջելով միայն իրականացնել աուդիտ և վերստուգել ներկայացված հարկային պահանջների իսկությունը։

Ցուցարարների մոտ դուրս եկած վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել է, որ Փաշինյանը բազմիցս նշել է, որ չի միջամտելու քրեական գործերին։

«Վարչապետը չի կարող միջամտել քրեական գործերին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է, և այս գործը չի կարող բացառություն լինել», – ասել է Սարգսյանը` խոստանալով ակցիայի մասնակիցների պահանջները փոխանցել Փաշինյանին։

Ավելի ուշ նրանք ստացան վարչապետի մերժումը։

Ինչպես պարզաբանել է Բաղդասարյանը, վարչապետը տեղեկացրել է, որ չի կարող հանդես գալ նման միջնորդությամբ։

«Դա նրա ցանկությունն է, և եթե նա ընդունել է նման որոշում, ապա ունի պատճառներ։ Մենք հարգում ենք վարչապետի որոշումը, անգամ եթե այն մեր սրտով չէ։ Գլխավորն այն է, որ մենք ներկայացրել ենք մեր խնդիրները, ավարտում ենք բողոքի ակցիան և վերադառնում աշխատանքի, որպեսզի ապահովենք ջերմոցների և ագրոփոխադրումների կայուն գործունեությունը», – ասել է Բաղդասարյանը։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Основная тема: