Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։
«Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։
Այսօրվա նիստի ժամանակ նա դատարանին առաջարկեց չքննել իր փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունները, քանի որ, պատգամավորի խոսքով, ամեն ինչ նախօրոք որոշված է։ Հուլիսի 23-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և խափանման միջոցը կրկին թողեց անփոփոխ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել էր վերացնել կալանքը, ինչպես նաև գրավի չափն ավելացնել 5 մլն դրամով` դարձնելով 25 մլն դրամ։
«Միջնորդությունները կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք քաղաքական որոշում եք կայացրել, որ ես պետք է տնային կալանքի տակ մնամ։ Չեք լսել մեղադրող կողմի միջնորդությունը, որովհետև գուցե նրանք նախորդ գիշեր բարի երազ տեսնեին ու ասեին` Արթուր Սարգսյանին վարչական տանք։ Դուք կանխավ որոշել եք, հիմա այս միջնորդությունների իմաստը ո՞րն է, հո թատրոն չի, դերասաններ չենք, կալանքը տվեք, վերջացնենք։ Միանգամից տնային կալանքը տվեք, թող դատախազը միջնորդություն չներկայացնի, Վարդևանյանն էներգիա չծախսի»,– բարկացած ասաց Սարգսյանը։
Վարդևանյանը հիշեցրեց, որ Սարգսյանը տնային կալանքում գտնվելու պայմաններում, միևնույնն է, կրկին ընտրվել է պատգամավոր։ Ընդգծեց`այդ կալանքը պետք է վերացվի, որպեսզի 9-րդ գումարման ԱԺ–ի աշխատանքը պատշաճ իրականացվի։
Այս ելույթներից հետո Ֆարխոյանը հայտարարեց պատգամավորի տնային կալանքը ևս 1 ամսով երկարաձգելու մասին` մերժելով փաստաբանի միջնորդությունները։
«Դատարանը կարծում է, որ խոչընդոտելուն ուղղված պայմանները նվազել են, բայց ոչ այնքան, որ հնարավոր լինի ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,– ասաց Ֆարխոյանը։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
