ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ահազանգում է, որ արդեն տևական ժամանակ է` քննչական մարմինն ապօրինաբար բերման և անօրինական «հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, որոնք նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Այդ մասին այսօր ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն է տարածել։
«Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում»,– ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ–ից նշել են` մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները:
«Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են»,– ընդգծել են կուսակցությունից:
ՀՅԴ ԳՄ–ն միջազգային կազմակերպություններին և դիտորդական առաքելություններին կոչ է արել տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:
Բացի այդ, իրավապահ մարմիններից պահանջում են անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։
«Հանրության ուշադրությունն ենք հրավիրում նաև քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա»,– ընդգծել են ՀՅԴ ԳՄ–ից:
Դաշնակցությունից վստահեցնում են, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու «պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ»՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
