Էլեկտրոնային պայմանագրերը արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար կհեշտացնեն բնակարանների գնումը։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում գործարկվել են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բնակարանների առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման։ Ապրիլին նման հնարավորությունն ուժի մեջ էր մտել ՀՀ քաղաքացիների միջև բնակարանների առուվաճառքի համար։ Դրա համար գնորդն ու վաճառողը պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և գրանցված լինեն «Ես եմ» էլեկտրոնային նույնականացման ազգային համակարգում։
Այժմ կառավարության որոշմամբ նման հնարավորություն է ուժի մեջ մտել նաև բնակարանների առաջնային շուկայում հիփոթեքային պայմանագրերի համար՝ կառուցապատողի, բանկի (վարկային կազմակերպության) և գնորդի մասնակցությամբ։
Այս դեպքում նույնպես գնորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և անցնի վերը նշված նույնականացման ընթացակարգը։ Ընդ որում` կապ չունի՝ նա ապրում է ՀՀ-ում, թե արտերկրում։ Եթե գնորդն ապրում է արտերկրում, կարիք չկա, որ գա Հայաստան կամ մարդիկ փնտրի, որոնց անունով կարելի է լիազորագիր ձևակերպել։
Բավական է մուտք գործել e-cadastre.am էլեկտրոնային համակարգ, որտեղ կգեներացվի պայմանագրի տիպային ձև, որը պետք է վավերացվի կառուցապատողի, բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև գնորդի էլեկտրոնային ստորագրություններով։
Sputnik Արմենիա
