«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի են ենթարկել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով է վարույթ նախաձեռնվել: 1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց Ավդալյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայկ Կոնջորյանի եղբորը Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է. խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
