Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին:
«Պահանջում ենք անհապաղ ուշադրություն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, անկասկած, հրադադար է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Դրա խախտումը մեկ ճակատում նշանակում է ռեժիմի խախտում բոլոր ճակատներում։ ԱՄՆ–ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում ցանկացած խախտման հետևանքների համար», – X սոցցանցում գրել է իրանցի նախարարը:
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի նոր նախաձեռնություն է առաջարկել: Որպես առաջին քայլ առաջարկվում է, որ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի վրա։ Փոխարենն Իսրայելը ձեռնպահ կմնա Բեյրութում հակամարտության սրումից։
«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
Sputnik Արմենիա
