ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու չէ լուծել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԿԸՀ–ում ԱԺ մանդատների բաշխման նիստից հետո, երբ քննվում էր Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը, այս մասին ասաց պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, և այն, ըստ էության, Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։
«Գործի նյութերը դեռ չեն տրամադրվել, բայց նյութերին ծանոթանալու համար ժամկետ չենք պահանջի` ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Մենք հիմա գործ ունենք օբյեկտիվ իրականության, ողջամտության, իրավունքի և արդարադատության հետ զրո առնչություն ունեցող գործի հետ։ Կխնդրեմ, որ նիստը դռնբաց լինի։ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ հստակ նշել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Խոսքը լիազորության ստանձնման մասին չէ, որը լինելու է օգոստոսի 2-ից, այլ պատգամավորի կարգավիճակ ունենալու, այդ վկայականը ձեռք բերելու։ Հետևաբար ԿԸՀ–ն չի կարող քննել անձի անազատության մասին հարց, այլ խորհրդարանը պետք է լուծի այդ հարցը»,– ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ նման իրավիճակ եղել է 2021 թվականին. այն ժամանակ ԿԸՀ-ն վերադարձրել էր դատախազության` Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա արդեն ուներ պատգամավորի կարգավիճակ։
ԿԸՀ–ն այժմ այս հարցի վերաբերյալ փակ նիստ է անցկացնում։
Հիշեցնենք` ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել 4 միջնորդություն, որոնցից 3–ը հանձնաժողովը հետ է ուղարկելու։ Նա նշել էր, որ միջնորդություններից մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին, մյուս 3-ը` ընտրված, սակայն լիազորությունները չստանձնած պատգամավորների թեկնածուներին։
Sputnik Արմենիա
