Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,– գրել է Օսիպյանը։
Գործը մակագրվել է դատավոր Սերինե Խաչատրյանին։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նշեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսեց հակադարձել և հունից դուրս եկավ: Նույն օրը Օսիպյանը ձերբակալվեց, իսկ մայիսի 21-ին կալանավորվեց։ Հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ անհապաղ ազատ կարձակվի։
Sputnik Արմենիա
