Վերաքննիչ դատարանը փոխել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։
Նոր խափանման միջոցը կկիրառվի 2 ամիս ժամկետով։ Բագրատ սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս մեղարյալների հետ։
Որոշման համաձայն` սրբազանը խափանման միջոցը պետք է կրի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ–ի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։
Վերաքննիչ դատարանի որոշմանը զուգահեռ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ տվեց, որ Բագրատ սրբազանը հունիսի 7-ին մասնակցի քվեարկությանը։ Նա նշեց, որ կարող է առանց ուղեկցման մեկնել Իջևան, քվեարկել ու վերադառնալ։ Դրա համար դատարանը հատկացրեց 7 ժամ։
«1 տարի շարունակ մենք ասում էինք, որ սա ուղղակի զավեշտ է, և հիմա փաստվում է, որ սա զավեշտ է։ Որքան ես լսեցի, հասկացա, փորձաքննություն է նշանակվել զենքերի և այլն, ամենակարևոր ապացույցների համար 0 փորձաքննություն է։ Զենքի, զինամթերքի և այլն օրինական կրելու վերաբերյալ փորձաքննություններ են նշանակվել հսկայական ծախսերով, բայց մենք մեկ տարի շարունակ խոսում ենք ամենահիմնավոր ապացույցների՝ ձայնագրությունների մասին, ոչ մի փորձաքննություն»,- մինչ Վերաքննիչ դատարանի մասին հայտնի դառնալն ասաց Բագրատ սրբազանը։
Որոշման մասին հայտնի դառնալուց հետո նա հայտարարեց՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին երեսպաշտ է, որովհետև 2025թ․ դեկտեմբերի 30-ին նույն գործն իր մոտ է եղել, սակայն այն ժամանակ կալանքը չի փոխվել, իսկ հիմա փոխվում է։
Նա հայտարարեց՝ կխորհրդակցի իր փաստաբանների հետ ու դրանից հետո կորոշի իր քայլերը։
«Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, իմ վարքում, որ դեկտեմբերի 30-ից առաջ չկար։ Ոչինչ չի փոխվել։ Էս դատարանն ավելի ազնիվ է, որովհետև ցույց է տալիս, որ իր գործողություններով ուղղակի անում է այն, ինչ անում է։ Պատվարժան դատարան, մեր երկրում ճշմարտությունն ու արդարությունը պետք է տեղ ունենան, ինձ սա սպանում է, եթե չկա ճշմարտություն և արդարություն, ոչ մի բան չկա դրա տակ դրված։ Ես նեղվում եմ երեսպաշտության երևույթից»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա նաև նշեց, որ հունիսի 7-ը Սուրբ Էջմիածնի տոնն է, ուստի կոչ արեց քաղաքացիներին գնալ ընտրության և հայրենատեր ուժերի օգտին ընտրություն կատարել։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։
Sputnik Արմենիա
