Հանրային կարծիքի հետազոտման ոլորտում շուրջ 20 տարվա փորձ ունեցող «Բրեվիս» (Breavis) ընկերությունը վիճարկել է IRI-ի հարցման տվյալները։ Հարցումը հրապարակել էր EuroNews-ը, տարածել էին հայկական մի շարք լրատվամիջոցներ:
Հայտարարության առիթ էր դարձել Euronews-ի մայիսի 31-ի հրապարակումը, որում, հղում անելով հարցման տվյալներին, պնդում էին, թե ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կարող է ստանալ ձայների մինչև 65%-ը։ Ընկերությունում ընդգծել են, որ նշված թվերը չեն համապատասխանում հետազոտության պաշտոնապես հրապարակված արդյունքներին։
Հունիսի 1-ի հայտարարության մեջ «Բրեվիս»-ը հստակեցրել է, որ հարցումն իրականացվել էր IRI-ի պատվերով՝ մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ պաշտոնական արդյունքները հրապարակվել էին մայիսի 22-ին։
«Բրեվիս»-ը հստակեցրել է, որ տվյալ նախագծում կատարել է միայն տվյալների հավաքագրում, իսկ հետազոտության մեթոդաբանության, տվյալների խորքային վերլուծության և դրանց հետագա մեկնաբանման ամբողջ պատասխանատվությունը կրում է պատվիրատու կազմակերպությունը՝ IRI-ն։
Հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած ապատեղեկատվությունը՝ ընկերությունը հորդորել է լրատվամիջոցներին և քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տվյալների տարածումից և հիմնվել բացառապես հարցման պաշտոնապես հրապարակված արդյունքների վրա։
Մայիսի 19-21-ը 1102 հարցվածի շրջանում իրականացված Gallup International Association-ի հարցման տվյալներով եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, հարցվածների 28,8%-ը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 12,1%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ 5,8%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին:
«Էմպիրիկա» ընկերության հարցման համաձայն՝ հարցվողների 54,9%-ը կողմ է փոփոխություններին և երկրի կուրսի փոփոխությանը, 34,2%-ը համաձայն չէ այդ տեսակետի հետ, իսկ 10,9%-ը դժվարացել է պատասխանել:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և Փաշինյանի հիպոթետիկ առճակատման դեպքում հարցվածների 41%-ը կսատարեր Կարապետյանին, իսկ 36,3%-ը՝ Փաշինյանին։ Գործող վարչապետի աշխատանքը ոչ բավարար է համարում հարցվածների 56,4%-ը, դրական է գնահատում 41,9%-ը, իսկ 1,7%-ը դժվարացել է պատասխանել։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցի 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և երկու դաշինք։ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 482 872 քաղաքացի։
Armenia Today
