Սահմանադրության փոփոխությունների համաժողովրդական հանրաքվե անցկացնելու «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության հայտի հաստատումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներքաղաքական պայքարի նոր փուլ է բացում: Նախաձեռնության էությունը հանգում է միջազգային այն պայմանագրերի ստորագրման սահմանադրական արգելքի ամրագրմանը, որոնք հակասում են երկրի արդեն իսկ գործող պարտավորություններին, ինչը դե ֆակտո պետք է արգելափակի Հայաստանի ելքը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ): Այդ հանրաքվեն, ըստ էության, կնախորոշի Հայաստանի հետագա ուղին. ինտեգրում Եվրամիությանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցության պահպանում։
ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԵԱՏՄ ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ մայիսի 29-ին Հայաստանին կոչ էին արել սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցի շուրջ: «Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված է Աստանայում կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով նրանց համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ 2025 թվականի սկզբին, Հայաստանի կառավարությունն ընդունել էր եվրաինտեգրման մասին օրինագիծ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասում էր, թե փաստաթուղթը «չի նշանակում Հայաստանի անդամակցում Եվրամիությանը բառի բուն իմաստով», և այդ հարցի վերաբերյալ որոշումը «կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»: Մոսկվան, ի պատասխան Երևանի եվրաինտեգրման ուղեգծի, հարցականի տակ դրեց ԵՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական կողմին կոչ արեց հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ հայտարարելով Հայաստանի եվրաինտեգրման դեպքում «մեղմ և ինտելիգենտ բաժանման» հնարավորության մասին: Ռուսական կողմը զգուշացրեց, որ Մոսկվան կդադարեցնի կամ կչեղարկի բնական գազի և նավթամթերքի մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այս խորապատկերին Ռուսաստանը նաև կտրուկ սահմանափակեց Հայաստանից գյուղմթերքի, ծաղիկների և ալկոհոլի մատակարարումը։
ԿԸՀ որոշումը գործարկում է կոշտ իրավական մեխանիզմներ։ Ստորագրահավաքը կմեկնարկի օգոստոսի 3-ին, և ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչների ձևավորած «Եվրասիական ալյանսը» կունենա ուղիղ 60 օր՝ առնվազն 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Այդ գործընթացը ցույց կտա երկրում բողոքի տրամադրությունների իրական մակարդակը։ Իսկ որ այն բավական բարձր է, հստակ ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրությունները։
Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտարարել էին միավորման անհրաժեշտության մասին, և «Եվրասիական ալյանս» նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է տալիս նրանց համախմբելու շարքերը: Իշխանության գլխավոր ընդդիմախոսները պետք է օգտագործեն Արևմուտքի խոստումների և ԵԱՏՄ-ից տնտեսական շահաբաժինների միջև տենդագին հավասարակշռող Փաշինյանից նախաձեռնությունը խլելու հնարավորությունը և հանդես գան միասնական ճակատով՝ դարձնելով ստորագրահավաքը գործող իշխանության դեմ պայքարի օրինական գործիք։
ԻՆՉԵՎԷ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱՐԴԱՐ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՇԱՏ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները խաթարեցին ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը՝ վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման, ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընտրողների նկատմամբ անթույլատրելի ճնշումների (խոսքը քաղաքացիներին նոր պատերազմով վախեցնելու մասին է, ինչով բացահայտ սպառնում էր երկրին Նիկոլ Փաշինյանն իր չընտրվելու դեպքում) և ձայների հաշվարկի խարդախման պատճառով։ Առանց ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ դիտորդների խիստ վերահսկողության քվեարկությունն անխուսափելիորեն կվերածվի կեղծիքի և կհաստատի իշխանություններին անհրաժեշտ արդյունքները։
Իհարկե, հասարակության որոշակի հատված սատարում է եվրաինտեգրման ու Եվրասիական կառույցներից դուրս գալու ուղեգծին, սակայն նման տրամադրությունները հիմնված են առավելապես պատրանքային սպասումների վրա։ Բրյուսելը չի շտապում թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տալ Հայաստանին և պատրաստ չէ հանձն առնել երկրի ֆինանսական ապահովումը։ ԵԱՏՄ-ի հետ խզման դեպքում հանրապետությունը չի ստանա ո՛չ անվտանգության եվրոպական երաշխիքներ, ո՛չ էլ լիարժեք փոխարինում նախկին տնտեսական կապերին, ինչը սպառնում է երկրին տնտեսական ողջ համակարգի կործանմամբ: Հայաստանի աշխարհագրական մեկուսացման պատճառով ԵԱՏՄ-ին իրական այլընտրանք կդառնա ոչ թե Եվրամիությունը, այլ անցումն Անկարայի ու Բաքվի քաղաքական և տնտեսական անմիջական ազդեցության տակ։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» պատրվակով թուլացած երկիրը մեծապես ենթարկվում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի՝ կլանվելով թուրքական և ադրբեջանական կապիտալի կողմից։
Բայց վերադառնանք հանրաքվեին։ Եթե «Եվրասիական ալյանսին» հաջողվի հավաքել 200 հազար և ավելի ձայներ, իշխանությունը կհայտնվի բարդ երկընտրանքի առջև. կա՛մ դիմել բացահայտ կեղծիքի՝ լիովին վերահսկելի ԿԸՀ-ի միջոցով, ինչը վերջնականապես կոչնչացնի նրա ներքին լեգիտիմությունը, կա՛մ թույլ տալ արդար քվեարկություն, ինչը սպառնում է գործող ռեժիմին անվստահության վոտումով։ Երկու դեպքում էլ հանրաքվեի ելքը կարող է ճակատագրական դառնալ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար։
