«Հայաստան» դաշինքի անունից առաջիկայում զեկույցներ են հրապարակվելու նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։
«Մենք առաջիկա օրերին զեկույց ենք հրապարակելու, որտեղ հստակ երևալու է իրադարձությունների հաջորդականությունը` իրավական և ոչ իրավական նշանակության խոսույթի վերհանումն ու դրա ուղղակի օգտագործումը քաղաքական ուժերի կողմից։ Այս մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունենում ոչ իրավական նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունն ունեցել են ընտրությունների բացահայտման վրա։ Այս առումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես անելիք ունի»,– ասաց Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ հանդիպել են բոլոր հնարավոր դիտորդների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին, որովհետև նրանց միջամտությունն է անհրաժեշտ քննչական մարմինների հանրային հաղորդակցության տիրույթում չեզոքություն ապահովելու համար։ Փաստաբանը նշեց, որ իրենք արդեն գրություններ են հասցեագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ԿԸՀ։ Հստակ մատնանշել են, որ քննչական մարմինները հաղորդում տալիս անուններ հրապարակելու պարտավորություն չունեն։
Խուդոյանի խոսքով` ԿԸՀ–ից հայտնել են, որ գրությունը ստացել են և հասցեագրել քննչական մարմին։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ երկար տեքստով են պատասխանել, ըստ փաստաբանի` նշել են, որ «ինչ անում են, լավ են անում»։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
