Իրանի դիրքորոշումը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը «Թրամփի ուղու» շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին և Իրանի կողմից այն որպես վտանգ դիտարկվելուն։
«Իրանի դիրքորոշումն իրականում մեզ համար հնարավորություն է։ Դա լավ հնարավորություն է, որպեսզի թույլ չտանք էքստերիտորիալություն։ Հնարավորություն է, որպեսզի փորձենք գոնե մասամբ չեզոքացնել ադրբեջանական և թուրքական պատկերացումները։ Իսկ նրանց պատկերացումն այն է, որ TRIPP-ի միջոցով անցնող ճանապարհը չի կարող ՀՀ կողմից ենթարկվել, իրենց ձևակերպմամբ, կամայական սահմանափակումների և այլն»,-ասաց նա։
Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե ճանապարհը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։
«Հիշում ենք Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել, ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում և ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այնպես չէ, որ մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, եղել է կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»,-հավելեց նա։
