Ես որքան հասկանում եմ, նրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց: Մի քանի օր առաջ ես անդրադարձա Ավինյանի մի հայտարարության, որ նա արել էր ընտրությունից հետո: Կարող եք կարդալ այս գրառմանը կից վերևի հղումով:
Խորհրդարանի ընտրության արդյունքը Տիգրան Ավինյանին իշխող համակարգի ներսում դուրս բերեց այսպես ասած «ոչ լեգիտիմության մենատիրոջ» վտանգավոր կարգավիճակից: Եթե 2023 թվականից հետո Տիգրան Ավինյանի վրա մնաց ընտրական լեգիտիմության կարուստը, ապա 2026-ի ընտրությունից հետո ըստ էության, կառավարող ամբողջ ուժը կորցրեց ընտրական լեգիտիմությունը:
Դա զգալիորեն թեթևացրեց Տիգրան Ավինյանի ներիշխանական իրավիճակը, դրա համար էլ նրան ըստ էության չէր հետաքրքրում՝ ԲՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ:
Ահա այդ ֆոնին հատկանշական է Երևանի քաղաքային ավագանու նիստում հերթական թեժ սկանդալը, որ ծավալվեց մեծ հաշվով կառավարող ուժի և նրա կոալիցիոն գործընկերների սադրանքով: Իսկ ամբողջ հարցն այն է, որ ցանկացած դասավորության դեպքում, հանրային վրդովմունքի «տակառը» անխուսափելի գլորվում է Ավինյանի ուղղությամբ՝ միանգամայն հասկանալի ու օբյեկտիվ պատճառներով:
Ամբողջ հարցն այն է, որ իշխանության ներսում սկսում է կարկանդակը վերաբաժանելու գործընթաց: Այստեղ, ավելորդ «ուտող բերանը» բնականաբար ցանկալի չէ: Բայց, իշխանության ներսում անգամ սա չէ բուն խնդիրը: Բոլորն են պատկերացնում, թե ինչ գնով է Նիկոլ Փաշինյանը հայտարարել բացարձակ հաղթանակի մասին՝ հունիսի 7-ի կեսգիշերին նրա ֆոնին կանգնած դեմքի արտահայտությունները վկա: Իսկ դա նշանակում է, որ չափազանց բարձր է լինելու ներիշխանական «զոհաբերությունների» ռիսկը:
Այդ իմաստով, ակնառու է, որ Տիգրան Ավինյանը բարձր մակարդակով դիտվում է «իրացման գոտի»:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, քաղաքական վերլուծաբան
Verelq.am
