Логотип

Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ հակամարտության դեէսկալացիայի վերաբերյալ

Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել՝ հրադադարի և ԱՄՆ-ի հետ հակամարտության լարվածությունը թուլացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ առաջարկների մասին հարցին։

Դիվանագետը նշել է, որ միջնորդները զբաղվում են հուլիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը թուլացնելու հարցերով։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա