Логотип

Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող հողատարածքի վարձակալության իրավունքից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, զրկվել է Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2 հեկտար հողատարածքի վարձակալության իրավունքից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այդ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Գերատեսչությունը պնդում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող, հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթը, որը տեղի ունեցել 2005 թվականի օգոստոսի 12-ին, և որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, կազմակերպվել է օրենքի խախտմամբ։

Դատախազության գործողությունների արդյունքում հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծվել է մինչև գործողության ժամկետի ավարտը։

«Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։ Արդյունքում 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

Դատախազությունը հայտնում է, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։

«Մինչդեռ 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին: Արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ, Դատախազության կողմից ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը նաև պնդում է, որ նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր, այժմ հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Sputnik Արմենիա