Логотип

Ծնելիությունը շարունակում է նվազել

Հայաստանում ծնելիության ցուցանիշն ամեն տարի նվազում է։ Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Եթե 2023թ․-ին ՀՀ-ում գրանցվել է 36 հազար 590, 2024թ․-ին՝ 33 հազար 593 ծնունդ, ապա 2025 թ․-ին այդ թիվը կազմել է 32 հազար 42։ 2023 թ-ից առաջ էլ տարեկան կայուն շուրջ 36 հազարին մոտ ծնունդներ են գրանցվել, սակայն այս ցուցանիշը տարեցտարի նվազել է։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհի շատ երկրներ են առնչվում ծերացող հասարակության և նվազող ծնելիության մարտահրավերներին։

Նվազում է նաև պտղաբերության գործակիցը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

«Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Բարձրացել է նաև առաջին երեխան ունենալու և ամուսնության տարիքը։ Սրանք բաներ են, որոնք պետությունը չի կարող հեշտությամբ փոխել կամ առհասարակ փոխել»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ շատ զարգացած երկրներ կան, որոնք իրենց երկրներում ժողովրդագրական իրավիճակը նկարագրում են որպես «կատաստրոֆիկ», երբ նույնիսկ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով 1-ից ցածր թվով երեխաներ են ծնվում։ Այդ երկրների թվում է Հարավային Կորեան։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ նվազող ծնելիությունը կանգնեցնելու համար։ Դա պետք է արվի, ըստ նրա, և՛ պետական ծրագրերի, և՛ մտածողության փոփոխության միջոցով։

Թորոսյանն առաջարկեց քննարկումներ անցկացնել՝ արդյունավետ լուծումներ գտնելու և ժողովրդագրական իմաստով կայուն իրավիճակ ստեղծելու համար։

Հիշեցնենք՝ 2022թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էր Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Իսկ 2023թ․ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ–ում արձանագրվել է վերջին հինգ տարվա համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։

Sputnik Արմենիա