Логотип

ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Փաշինյանը՝ Մակրոնին

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձում։

«Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների»,-նշված է ուղերձում։

Փաշինյանը շեշտել է նաև՝ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Վերջում նա շնորհավորել է ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ։

1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրոհով գրավվել և հետագայում ավերվել է Բաստիլի բանտ-ամրոցը։

Sputnik Արմենիա