Логотип

Հայաստանը 200 մլն դոլար կվերցնի Համաշխարհային բանկից

Հայաստանը Համաշխարհային բանկից ևս մեկ վարկ կներգրավի պետական բյուջեն համալրելու համար։ Այս անգամ գումարի չափը կկազմի 170,3 միլիոն եվրո (մոտ 200 միլիոն դոլար)։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության մայիսի 27-ի նիստում։

Վարկն ուղղվելու է կառուցվածքային բարեփոխումներին, որոնք մշակվել են Կառավարության կողմից՝ տնտեսության առողջացման նպատակով։ Նմանատիպ պրակտիկա կիրառվում է նաև միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններից բյուջետային վարկեր ստանալիս։

Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել տնտեսական մրցակցության ոլորտի օրենսդրությունը և ընդունել «Ներդրումների մասին» օրենքի նոր խմբագրությունը, որը ընդլայնված իրավական երաշխիքներ կնախատեսի ներդրողների համար։

Բացի այդ, կընդլայնվեն Հայաստանի տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ գնային համաձայնությունների և հակամրցակցային այլ գործողությունների կանխման մասով։

Բարեփոխումների առանձին ուղղություն է դառնալու «կանաչ» տնտեսության ոլորտում իրավական բազայի զարգացումը։ Բիզնեսի համար, մասնավորապես, կսահմանվեն ջերմոցային գազերի արտանետումների քվոտաներ։

News.am