Логотип

Հեգսեթ․ Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար

Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգների վրա նստել է 37,5 միլիարդ դոլար՝ ըստ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթի տվյալների: Այնուամենայնիվ, փորձագետներն ավելի վաղ CNN-ին հայտնել էին, որ իրական վերջնական հաշիվը, ամենայն հավանականությամբ, նշանակալիորեն ավելի բարձր կլինի:

Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը բյուջետային լսումների ընթացքում Պենտագոնի ղեկավարից հետաքրքրվել է, թե արդյոք նա ծախսերի աճ է սպասում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը փաստացի դադարեցրել է իր գործողությունը:

Հեգսեթը պատասխանել է, որ հնչեցված 37,5 միլիարդ դոլար գումարը մասնակիորեն ներառում է ընթացիկ գործողությունների ծախսերը, մասնավորապես՝ զորքերի պարենային ապահովումը՝ հաշվարկված մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը:

Մարտին վերլուծաբանները գնահատում էին, որ Իրանի դեմ պատերազմը ամերիկացի հարկատուների վրա օրական ավելի քան 890 միլիոն դոլար է նստում՝ հիմնվելով հայտնի ռազմական գործողությունների մասին տվյալների և Կոնգրեսի համար պատրաստված արժեքի գնահատականների վրա: Այդ ծախսերը ծածկում են ռազմաօդային և ռազմածովային գործողությունները, ցամաքային ուժերի պահպանումը, սպառազինության համակարգերի կիրառումն ու հրթիռների կալանումը (որսումը), ընդ որում հակամարտության սկզբնական փուլը ամենաթանկարժեքն էր ստացվել:

Մայիսին Պենտագոնի ֆինանսական վերահսկիչ Ջուլս «Ջեյ» Հերսթ III-ը նախնական ծախսերը գնահատում էր 29 միլիարդ դոլար:

Անցյալ ամիս Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ հակամարտությունը ԱՄՆ Պաշտպանության նախարարության վրա նստել է մոտ 40 միլիարդ դոլար: Ընդսմին, այդ թիվը չի ներառում գործողությունների ծախսերը, որոնք արդեն իսկ ներառված էին 1 տրիլիոն դոլարը գերազանցող՝ 2026 ֆինանսական տարվա գերատեսչության բյուջեում, CNN-ին հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Կանցիանը:

News.am