Հանրապետության օրը նախատեսված զորահանդեսը կանցնի բանակի նոր զինանշանով ու նոր համազգեստով։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Բանակի զինանշանի նախկին և փոփոխված տարբերակը
«Ժողովուրդ» թերթը, անդրադառնալով մայիսի 28-ի շքերթի պաստառների վրա հայտնված տարբերանշանին, գրում է` հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունն իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։
Միաժամանակ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից թերթին չեն պատասխանել, թե երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել՝ նշելով, որ թեմային կանդրադառնան մայիսի 28-ից հետո։
«Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառների վրա պատկերված տարբերանշանում ՀՀ եռագույնն է, դրա վրա՝ ՀՀ քարտեզը (որը կրկնում է ՔՊ-ի կրծքանշան դարձած քարտեզը, խմբ․), կա նաև արծիվ, մի ձեռքում` սուր, մյուսում՝ խաչ, սակայն փոխարենը զինանշանի կենտրոնական հատվածի հավասարաթև խաչն այլ սիմվոլով է փոխարինվել (որը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել, խմբ․):
«Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։ Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, գերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ»,- գրում է թերթը։
«Հրապարակ» թերթն էլ գրում է, որ շքերթին մասնակցող զինվորականները նոր համազգեստով են լինելու։
«Իշխանությունները մոտ 5 հազար նոր համազգեստ են ձեռք բերել, որոշ տեղեկություններով՝ ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը, ըստ հրամկազմի, հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին»,- գրում է թերթը։
Պարբերականը նաև հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռևս 2023 թ. նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչև 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն, ինչպես գրում է թերթը, հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։
Հիշեցնենք` 2025 թվականին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարակային բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։
Ապրիլի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։
Sputnik Արմենիա
