Логотип

«Միասնության թևերը» դիմեց ՍԴ․ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։

«Մեր համոզմամբ` այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կումուլյատիվ (գումարային) ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա, և չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

Նա հավելեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հենց ընտրողների նկատմամբ և այլն։

Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքերում, օրինակ, այդ ճնշումներն ազդել են «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական հավաքներին մասնակցության վրա։

Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորմանը. «Միասնության թևերի» համոզմամբ՝ նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը հատվել է։

«Սա կարևոր դրույթ է և, կարելի է ասել, ընտրական պրոցեսներում նախկինում երբևէ չի բարձրացվել։ Գործող օրենսդրությունը շեմ է սահմանում, որից ավել ֆինանսական միջոցներ կուսակցությունները չեն կարող օգտագործել նախընտրական պրոցեսում։ «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջ ծավալով օգտագործել է այդ միջոցները, շուրջ 800 միլիոն դրամի հայտարարագիր է ներկայացրել, բայց նախընտրական հիմնադրամում չեն ներառվել մի շարք ծախսեր, որոնք, մեր համոզմամբ, փաստացի կատարվել են, կամ ներկայացվել են ծախսեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Դրմեյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ ևս ավելի վաղ դիմել էին այս հարցով՝ խնդրելով, որ փորձագետ ներգրավեն ճիշտ հաշվարկներ իրականացնելու համար, սակայն միջնորդությունը մերժվեց։

Դրմեյանը նշեց՝ հույս ունեն, որ այստեղ չեն տեսնի իրավական այն «վակխանալիան», որ տեսան ԿԸՀ-ում։ Վստահ է՝ եթե ՍԴ-ն մնա իր բարձունքում, ապա իրավաչափ որոշում կլինի։

Sputnik Արմենիա