Հերթական նախընտրական քայլը. Հայաստանի կառավարությունն իր մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով արտոնություններ են նախատեսվում նախկինում թույլ տված խախտումների պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդների համար։
Մասնավորապես, այն վարորդները, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով մեկ տարով զրկվել էին վարորդական իրավունքից՝ այսպիսով սպառելով տուգանային միավորների սահմանաչափը, մեկ տարին լրանալուց հետո կկարողանան առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց իրավունքը։ Դրանից հետո նրանք 1 տարի փորձաշրջան կունենան, սակայն 13 միավորի փոխարեն կստանան 6 միավոր։
Եթե այն չսպառվի, վարորդն արդեն հաջորդ տարի կստանա սովորական 13 միավորը։ Հակառակ դեպքում՝ նա կրկին մեկ տարով կզրկվի վարորդական իրավունքից և այլևս չի կարողանա վերականգնել այն՝ առանց պարտադիր քննություն հանձնելու։
Վարորդական իրավունքն առանց քննությունների՝ փորձաշրջանով ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել 50 հազար դրամ։ Այս նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ հետագա քննարկման համար։
Ավելի վաղ վարորդների համար մեղմացումների նախագծի մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
News.am
