Логотип

Ուկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին Կրասնոդարում և Նևիննոմիսկում․ տուժել է 8 մարդ

Հուլիսի 22-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական Wildberries առցանց հարթակի լոգիստիկ կենտրոնների վրա՝ Կրասնոդարում և Նևիննոմիսկում։ Այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը։

Նրա խոսքով՝ հարձակման նախօրեին աշխատակիցները տարհանվել էին, սակայն կան տուժածներ։

«Մաղթում եմ բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում։ Մենք անպայման կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը», – գրել է Կիմը Telegram-ի իր ալիքում՝ կոչ անելով գործընկերներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Կրասնոդարի պահեստի վրա հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ։ Իսկ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի տեղեկացմամբ՝ Նևիննոմիսկի պահեստային համալիրում վիրավորվել է հինգ աշխատակից։

Բացի այդ, գիշերը անօդաչու սարքերը հարվածել են նաև Արմավիրի նավթաբազային, որտեղ բռնկված հրդեհը տարածվել է շուրջ 800 քառակուսի մետր տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 40 փրկարար։ Կրասնոդարում խոցված ԱԹՍ-ների բեկորները վնասել են նաև երկու բազմաբնակարան շենք, սակայն նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հարվածի ենթարկված պահեստները Wildberries-ի ամենախոշոր լոգիստիկ կենտրոններից են. Կրասնոդարի 150 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը ընկերության չորրորդ, իսկ Նևիննոմիսկի 120 հազար քառակուսի մետր մակերեսով կենտրոնը՝ վեցերորդ ամենամեծ պահեստն է։

News.am