ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ «Օնիրա Քլաբ» ընկերությունը, որն ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնում, 2025-2026 թվականներին կազմակերպված 25 խնջույքից ստացված շուրջ 300 մլն դրամի հասույթը չի արտացոլել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ։
ՊԵԿ–ը տեսագրություն է հրապարակել, որում երևում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը։ Ըստ հաղորդագրության` հետաքննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քողարկված աշխատակիցները հաճախորդների անվան տակ կապ են հաստատել Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օնիրա Քլաբ» ընկերության աշխատակիցների հետ՝ միջոցառումների գնացուցակին ծանոթանալու նպատակով։
Ըստ կոմիտեի՝ աշխատակիցները հայտնել են, որ սրահը, անկախ հյուրերի թվից, տրամադրվում է առնվազն 12 մլն դրամով։
Հարկային մարմինն ուսումնասիրվել են ընկերության համակարգչային տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը, որոնք համադրվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկների հետ։
ՊԵԿ-ից նշել են, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա
