Логотип

Սաֆրանչուկ․ ՎՈւԱՄ-ը ՀՀ-ի մասնակցությամբ «վերակենդանացնելու» խոսակցությունը մանիպուլյացիա է

Հայաստանի մասնակցությամբ ՎՈւԱՄ-ը վերստեղծելու կոչերը տարածաշրջանայնացման միտման մանիպուլյացիա են, և այդ կառույցի «վերակենդանացումը» բացասական հետևանքների ռիսկեր ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Միջազգային անվտանգության ոլորտի փորձագետ, միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը։

Ավելի վաղ՝ մայիսի 4-ին, Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել էր ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ձևաչափի վերստեղծման հնարավորությունը «Արևելյան գործընկերության» երկրների առավել սերտ ինտեգրման համատեքստում՝ բացառելով ՌԴ-ի մասնակցությունը: Եթե Հայաստանը միանա նախաձեռնությանը, ապա կառույցի անվանումը կփոխվի ՎՈւՀԱՄ-ի։ Գաղափարին աջակցել են Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն, որոնք մասնակցել են համաժողովին:

«Տարածաշրջանայնացումը օբյեկտիվ գործընթաց է, և լավ է, երբ այն տեղի է ունենում, քանի որ ավելի շատ կապեր է ստեղծում տարածաշրջանում: Այլ հարց է, երբ այդ օբյեկտիվ գործընթացը սկսում են օգտագործել «բաժանիր և տիրիր» հին սխեմայով։ Այսինքն՝ փորձում են կազմակերպել ոմանց փոխգործակցությունը մյուսների դեմ։ Չներառվածները, որոնք պետք է ինչ-որ մեկին հեռացնեն հատուկ տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմից, ինչ-որ մեկի արտաքին շահերը վեր են դասում տարածաշրջանի երկրների շահերից։ Ուստի կարող են դա խաղարկել։ Վատ է, եթե ժամանակ ու ջանք կծախսեն դրա վրա։ Բայց չեմ կարծում, որ դա երբևէ կդառնա արդյունավետ գործիք», – կարծում է փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ օբյեկտիվորեն տարածաշրջանայնացման գործընթացը հաջողվում է այն դեպքերում, երբ հիմնվում է շահերի առաջխաղացման, ոչ թե վնասելու ցանկության վրա: Նա որպես հաջող օրինակ նշեց «Կենտրոնական Ասիա» ձևաչափով համագործակցությունը, որտեղ Կենտրոնական Ասիայի պետությունները կապեր ունեն ինչպես միմյանց, այնպես էլ «ԿԱ+ԱՄՆ», «ԿԱ+Ճապոնիա», «ԿԱ+Հարավային Կորեա» մոդելներում: Նրա խոսքով՝ այս բոլոր ձևաչափերը ծառայում են մասնակից երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը՝ հիմքում դրված ընդհանուր շահի համաձայն։

Սաֆրանչուկի խոսքով` որպես դրա հակադրություն, ՎՈՒԱՄ-ը և նմանատիպ կառույցները Արևմուտքի կողմից ստեղծվում են միայն ՌԴ-ին վնասելու նպատակով։

«Ցավոք, այն, ինչ առաջարկում էին եվրոպացիները դեռ ՎՈւԱՄ-ի առաջին մոդելում, չնայած դա ունեցավ երկու փոխակերպում՝ տարբեր քանակի պետություններով և տարբեր տառերից կազմված հապավումներով (մինչև Ուզբեկստանի դուրս գալը կոչվում էր ՎՈւՈւԱՄ. խմբ.), ինչպես և նրանց ներկայիս քաղաքականության մեջ հիմնական նպատակը Ռուսաստանին, նաև ռուսաստանյան գործընկերներին վնասելն է։ Իհարկե, կարելի է մեկ այլ բան ստեղծել: Բայց արդյոք դա կդառնա՞ հաջողված: Կասկածում եմ։ Բայց դա չի նշանակում, որ այն անվնաս է: Ցավոք, դրանից դրական բան դժվար թե լինի, իսկ բացասական կարող է լինել», – եզրափակեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշ եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, խոսվել է հետխորհրդային տարածքում ԱՊՀ-ից բացի, առանց Ռուսաստանի մասնակցության ևս մեկ միջպետական միավորում ստեղծելու անհրաժեշտության մասին։

1997-ին ՎՈւԱՄ-ը դարձավ հետխորհրդային տարածքի առաջին միավորումը, որը բացառեց Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը և համագործակցության զարգացումը նրա հետ։

Եթե ձևաչափին միանա Հայաստանը, ապա արդեն կլինի ՎՈւՀԱՄ, որի բոլոր մասնակիցները ԵՄ անդամության թեկնածուներ են կամ թեկնածության թեկնածու (Հայաստան): Բացի այդ, բոլորը, բացի Մոլդովայից, ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են։