Логотип

Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով դատական նիստերին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով դատական նիստերին։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը։

Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։

«Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, նաև պարտականությունները կրելուց, չի խոչընդոտում գործի քննությունը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ներկայանալ դատարան, եթե դատարանը որևէ առանձին դատական նիստին կամ վարութային գործողությանը նրա մասնակցությունը համարի պարտադիր»,- նշեց Մակինյանը։

Դատարանը բավարարեց նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի միջնորդությունը՝ հետագա դատական նիստերը նրա բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունները, անհրաժեշտության դեպքում նրանք դատարան կհրավիրվեն համապատասխան ծանուցմամբ։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։

Sputnik Արմենիա