ՀԱՊԿ–ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա», – ասել է նա` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
ԱՄՆ–ի և ԵՄ–ի` Հայաստանի հետ կապված ծրագրերը, Վասիլևի խոսքով, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նա հավելել է` որ ՀԱՊԿ–ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։
Պետերբուրգի XIV միջազգային իրավաբանական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 24-26-ը։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
News.am
