Իշխանության օրակարագում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցն է, գրել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի աղբյուրը չի բացառել դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի ձերբակալությունը, միևնույն ժամանակ՝ նշել, որ մտադիր են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» հիմնական ներկայացուցիչներին։
Ավելի ուշ կայքը տեղեկություններ է ստացել, որ իրավապահներն այդ նպատակով գործողություններ են սկսել 4 մարզում` Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում: Ըստ աղբյուրի՝ գործողություններն առնչվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող գործին։
«Փաստինֆո»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հավելել է նաև, որ իշխանություններն այս քայլերին որոշել են դիմել «Ուժեղ Հայաստանի»՝ հունիսի 3-ի մեծաթիվ հանրահավաքից հետո, ինչն անհանգստություն է առաջացրել նրանց մոտ։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտարարել է, որ ավելի քան 50 հասցեում իրականացվում են խուզարկություններ։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի գրառումից նաև պարզ է դառնում, որ գործողություններն Ալեքսանյանին վերագրվող գործով են։
Ալեքսանյանին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Ըստ ՔԿ-ի վարկածի՝ Ալեքսանյանը, հանդիսանալով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավարը, աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ «ձևական» բնույթով։
«Փաստինֆոն» այսօր ավելի ուշ հավելել է, որ խուզարկություններ կատարվում են օրինական ձևակերպված աշխատակիցների բնակարաններում, թեև «Մեր ձևով»-ը նաև հարկեր է վճարել նրանց աշխատավարձեր վճարելիս:
Կուսակցությունից մայիսի 17-ին հայտարարել էին, որ նախընտրական փուլում՝ մարտից մինչ այդ պահը, իրավապահները տարբեր պատճառաբանություններով ու գործերով իրենց ավելի քան 300 համակրի են ձերբակալել կամ կալանավորել։
Մայիսի 3-ին Հանարապետության հրապարակում տեղի էր ունեցել դաշինքի հանրահավաքը, որին, դիտորդների տվյալներով, մասնակցել էր 80 000 մարդ։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որին ընդդիմությունը մեղադրում է իշխանության շահերը պաշտպանելու մեջ, հայտնել է, որ հանրահավաքի սկզբին շուրջ 18 000 մարդ էր:
Armenia Today
