ԵԱՏՄ-ն չի ձգտում քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, սակայն նրա ձգտումը դեպի Եվրամիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նախ՝ ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ կոնկրետ քայլ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ դա պատասխանատվությամբ ասել, քանի որ մենք մշտադիտարկում ենք Հայաստանի ամբողջ նորմատիվ-իրավական բազան՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններից շեղումների առկայությունը պարզելու համար։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերում», – նշել է նա։
Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական չափանիշներին անցնելու ցանկություն։ «Բայց ուզում եմ ասել՝ եվրոպական ոչ բոլոր չափանիշներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ եղել են ու կան։ Ի՞նչն է մեզ անհանգստացնում։ Եվրոպական միությունն այսօր փաստացի վերափոխվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, և որտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Սակայն այն վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որն այսօր թշնամաբար է վերաբերվում մեր երկրին։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Ինչո՞ւ պետք է մենք աջակցություն ցուցաբերենք այս շարժմանը», – հարց է բարձրացրել ՌԴ փոխվարչապետը։
News.am
