Логотип

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

« Խորհրդային իշխանության ամենասարսափելի չարաշահումներից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին պետության կողմից նման մասշտաբային և ինտենսիվ հետապնդումների չի բախվել », – ասվում է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) այսօր հրապարակած նոր զեկույցում:

CSI հաղորդագրության համաձայն, զեկույցը ներառում է Հայաստանում հայտնի քաղբանտարկյալների ցանկը` առաջինն իր տեսակի մեջ, որը հրապարակվել է միջազգային իրավապաշտպան խմբի կողմից: Զեկույցը, որի հեղինակը Արևելյան Եվրոպայում, bալթյան երկրներում և Կովկասում կրոնական ազատությունների հարցերով մասնագիտացած միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուն է, հիմնված է վերջերս Հայաստան կատարած նրա ճանաչողական այցի վրա: Իրավաբանական վերլուծությունը համադրելով պատմական համատեքստի հետ ՝ զեկույցը մանրամասն նկարագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ « եկեղեցին պետական վերահսկողության ենթարկելու »փորձերը:

Զեկույցում հիշատակված քաղբանտարկյալների թվում են հոգևորականները, հոգևորականների հարազատները, փոդքասթների հեղինակները, եկեղեցական աշխատողները և այլ անձինք, որոնք ձերբակալվել են Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավի ընթացքում: Քաղաքական բանտարկյալների ցուցակը կազմվել է CSI-ի կողմից ՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ խորհրդակցելով:

Զեկույցի հրապարակումը համընկնում է այն բանի հետ, որ եվրոպական առաջնորդները Երևանում հավաքվում են մայիսի 4 – ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որին կհաջորդի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ մայիսի 5-ին:

« Եվրոպական առաջնորդները, որոնք լավ կազմակերպված քաղաքական միջոցառումների են մասնակցում Երևանի կենտրոնում, պետք է իմանան, որ իրենք գտնվում են բանտից մի քանի րոպե հեռավորության վրա, որտեղ պահվում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքով », – հայտարարել է CSI -ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ջոել Ուելդկամպը:

2025 թվականի մայիսից Փաշինյանը հրապարակային քարոզարշավ է իրականացնում ՝ նպատակ ունենալով ստիպել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեկին Բ կաթողիկոսին հրաժարական տալ։ Ինչպես ցույց է տալիս զեկույցը, Փաշինյանի կառավարությունը կալանավորել է Հայաստանի արքեպիսկոպոսների մեկ երրորդին, արգելել է կաթողիկոսի և այլ բարձրաստիճան եկեղեցական առաջնորդների մեկնումը և փորձել է պառակտում հրահրել եկեղեցում:

2026թ․ մարտի 12-ին «Միջազգային դիտարան հանուն ժողովրդավարության Հայաստանում» իրավապաշտպան կազմակերպությունը, որի գործադիր ղեկավարության կազմում է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը, հանդես է եկել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին նախազգուշացմամբ, այդ թվում ՝ « կառավարության կողմից դատական համակարգի և անվտանգության ուժերի ՝ որպես քաղաքական ընդդիմախոսների դեմ զենքի ակնհայտ օգտագործումը »:

« Եկեղեցու դեմ կառավարության արշավն սկսվել է 2025 թվականի մայիսին ՝ Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովում Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթից հետո ։ Այնտեղ կաթողիկոսը հրապարակավ հանդես էր եկել այն բանի օգտին, որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին թույլատրվի վերադառնալ իրենց տները։

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձրել է իր ազգային ծրագրի կենտրոնական կետ և փախստականների վերադարձի իրավունքի քննարկումն անվանել « վտանգավոր » խաղաղության համար: Մարտին Եվրախորհրդարանի առջև ունեցած իր ելույթում նա Եկեղեցու առաջնորդներին մեղադրել է Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու ձգտման համար », – ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Զեկույցի նախաբանում CSI նախագահ Ջոն Էյբները վստահ է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի կառավարության արշավը պետք է հասկանալ որպես Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերի մի մաս ՝ « թուլացնելու հայ ազգը և նվազեցնելու տարածաշրջանում ձևավորվող թուրքական կարգին ենթարկվելուն և ինտեգրվելուն դիմակայելու նրա ունակությունը »։

« Հայ Առաքելական Եկեղեցին այսօր ավելի շատ խոչընդոտ է Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերի համար, քան ցանկացած այլ հայկական ինստիտուտ », – կարծում է Էյբները:

Զեկույցն ավարտվում է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչներին CSI-ի մի շարք պաշտոնական հանձնարարականներով: Դրանք ներառում են առանց պետական միջամտության սեփական առաջնորդներ ընտրելու Հայ Եկեղեցու իրավունքի հրապարակային հաստատումը, կալանավորված հոգևորականներին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու Հայաստանի կառավարությանը ուղղված կոչը, փոխգործակցությունը Հայաստանում անկախ իրավապաշտպան խմբերի հետ և աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խորհրդարանի խաղաղ նախաձեռնությանը:

« Այժմ ժամանակն է սկզբունքային և համակարգված գործողությունների։ Հայաստանի անվտանգությունը և բարգավաճումը չեն ամրապնդվի Հայ Առաքելական Եկեղեցուն ենթարկելու ճանապարհով։ Ընդհակառակը, դրանք կախված են բոլոր հայերի հիմնական իրավունքների, ինչպես նաև նրա ազգային եկեղեցու պաշտպանությունից », – եզրափակում է Ֆլյուն զեկույցում, որի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով։

Արմինֆո