Հայաստանն այժմ առավել մոտ է Եվրոպային, քան երբևէ։ Այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ձեր հրաշալի երկրում հյուրընկալելու համար»՝ նա նշել է, որ Հայաստանը Եվրոպայի հետ կապված է պատմականորեն, իսկ այժմ՝ նաև ապագայի տեսլականով։ Նա ընդգծել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները և զարգացմանն ուղղված աջակցությունը։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն ապահովելու է դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղին փակ էր, սակայն այժմ «ձեր խիզախ որոշման» շնորհիվ իրավիճակը փոխվել է։ Այսպիսով, ԵՀ ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն և խաչմերուկ։ Եվրոպան պատրաստ է աջակցել Հայաստանին, այդ թվում՝ գործնական, փոխադրումների իրականացման ու էներգետիկ կապերի հաստատման, ինչպես նաև ՀՀ-ին ինտեգրել թվային ոլորտին։ Ֆոն դեր Լեյենը նկատել է, որ այն պայմաններում, երբ Ուկրաինայից մինչև Իրան ամեն ինչ «եռում է», Հարավային Կովկասում պատկերն այլ է։ Նրա ձևակերպմամբ՝ հին վերքերը սպիանում են, իսկ Եվրոպան ցանկանում է նպաստել խաղաղությանը։
News.am
