Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱԼՈՒ Է ԱՆՊԱՏԻ՞Ժ

2021 թվականի նոյեմբերի 8-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի նախօրեին, ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակիչների՝ ջրմուղի աշխատողների վրա, որոնք նորոգման աշխատանքներ էին կատարում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում: Ահաբեկչության հետևանքով (հենց այդպես է դա կոչվում, և հենց այդպես են դա անվանել և՛ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և՛ Արցախի իրավապահ մարմինները) զոհվել է 22-ամյա մի տղա, երեքը վիրավորվել են, նրանցից մեկը՝ ծանր։

ՍՊԱՍԵԼԻ՞ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԴԱ: Իհարկե։ Եղե՞լ են նախադեպեր։ Բազմաթիվ։ Թուրքերի անսպառ սերը այդօրինակ «ծիսական սպանությունների» նկատմամբ՝ նվիրված իրենց համար նշանակալի օրերին. պետական տոներին, ռազմական իրադարձություններին, Հայոց ցեղասպանության, «Սումգայիթի», «Բաքվի» տարելիցին և այլն, հանրահայտ է։ Եվ այդ մասին մշտապես զգուշացնում են փորձագետներն ու քաղաքագետները։ Ի՞նչ է փոխվել այսօր, ինչո՞ւ են կորցրել զգոնությունը. թուրքի էությունը փոխվե՞լ է, պատերազմն ավարտվա՞ծ է, խաղաղություն ու համընդհանուր բարօրությո՞ւն է տիրել։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամիս առաջ ադրբեջանական դիպուկահարն Արցախում լկտի և ցինիկաբար գնդակահարվեց դաշտում աշխատող տրակտորիստին, նրա կողքին նստած ռուս խաղաղապահի աչքի առաջ։ Բաքվի համար այդ սպանությունը ոչ մի հետևանք չունեցավ։

Ցուցադրական ահաբեկչությունը նոյեմբերի 8-ին՝ Շուշիի զավթման օրը, միանգամայն սպասելի էր, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ընկերակցությամբ Շուշիում գտնվող Ալիև զույգը ծարավի էր հայի արյան, սրբազան զոհի: Արցախի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ»: Մի շարք աղբյուրներ պնդում են, որ մարդասպանը Ալիևի թիկնազորից է և գործել է վերջինիս հրամանով։

Ճիշտ այնպես, ինչպես 2004 թվականին Ալիևի հրամանով գործեց բուդապեշտյան մոլագար Սաֆարովը, ուստի կասկածից վեր է, որ ներկայիս մարդասպանին ճիշտ նույն կերպ կպարգևատրեն ու կխրախուսեն հրամանի «հաջող» կատարման համար։ Չէ՞ որ ասված է դեռևս 2006 թվականին՝ Սաֆարովի նկատմամբ դատավարության ժամանակ. հայի սպանությունն Ադրբեջանում չի համարվում հանցագործություն։ Հայի սպանությունը Ադրբեջանում համարվում է հերոսություն, այնպես որ Ալիևն ու Աքարը, այս անգամ՝ սուսուփուս, կրկին կփառաբանեն Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշայի հոգին։ Անցած տարի դա արեց Էրդողանը Բաքվում, հրապարակավ։ Հայկական ղեկավարությունը լռեց։ Եվ այսօր էլ լռում է. մի ծպտուն անգամ չհանեցին ո՛չ հայոց վարչապետը, ո՛չ էլ նախագահը։

Փոխարենը երկուշաբթի օրը Հանրային հեռուստատեսությամբ Փաշինյանը ուղղակի բլբուլ էր կտրել. Աշխարհին՝ խաղաղություն, ապաշրջափակենք հաղորդակցությունը, բարեկամություն կանենք ընտանիքներով, բոլորի ուզածը դա է, Ադրբեջանն էլ դա ուզում ուզում, բըլ-բըլ-բըլ... Եվ Ալիևը հաջորդ օրը հստակ արձագանքեց Նիկոլի ասածներին։ «Այս երկնքում այլևս օտար լեզվով երգեր չեն հնչելու, այսուհետ այս երկրամասում իշխելու է ադրբեջաներեն լեզուն», «այսուհետ մենք հավերժ ապրելու ենք Ղարաբաղում ու Զանգեզուրում», «Ղարաբաղն Ադրբեջան է», «մենք թշնամուն հասցրել ենք այնպիսի վիճակի, որից նա երբեք չի կարողանա դուրս գալ, նա հավերժ ապրելու է պարտված ժողովրդի և պետության խարանով»...

Եթե որևէ մեկը խաղաղասիրության ու կառուցողականության գոնե նշույլ է տեսնում Ալիևի խոսքերում, ուրեմն այդ մարդուն ուղեղի մասնահատման են ենթարկել։ Կա՛մ կտրել-հեռացրել են ազգային արժանապատվության զգացումը, կա՛մ ի ծնե զուրկ է եղել դրանից։ Չենք խոսում արդեն ինքնապահպանման տարրական բնազդի մասին։

Նոյեմբերի 8-ին ադրբեջանցու ձեռքով զոհվեց 22- ամյա տղան. պատերազմում ողջ մնաց, իսկ «խաղաղ ժամանակ» զոհվեց։ Նրան սպանեցին դիմահար կրակոցով. ցինիկաբար ու սառնասրտորեն, ընկերների հետ միասին, որոնց բախտը բերեց, նրանք ողջ մնացին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը, բացի ԱԳՆ հայտարարությունից՝ «խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը» ոգով: Իսկ Ալիևին ի՞նչ այդ դատապարտումից։ Բացարձակապես ոչինչ։ Մանավանդ որ Երևանը, դատելով ամենից, առանձնակի քայլեր չի ձեռնարկում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեական արձագանքին հասնելու ուղղությամբ։

Եթե այդ հրեշավոր հաշվեհարդարը, ինչպես նաև արցախյան տրակտորիստի սպանությունը, ինչպեսև ահաբեկչական երկու պետությունների մյուս բոլոր հանցագործությունները, ներառյալ սեպտեմբերի 27-ի ռազմական ագրեսիան՝ միջազգային իրավունքի և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր նորմերի խախտումով, արգելված զենքի կիրառումը, բնակավայրերի նպատակաուղղված գնդակոծություններն ու ռմբակոծությունները, խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, գերիների ծանակումն ու խոշտանգումները, հրեշավոր «ռազմավարի այգու» ստեղծումը և այլն. եթե այս ամենն անպատիժ է մնալու, ապա ի՞նչ խաղաղ օրակարգի մասին է առհասարակ հնարավոր խոսել։

Ի՞նչ խաղաղության մասին կարող է բարբառել ռուսական կողմը, երբ հայերի հանդեպ ադրբեջանական ղեկավարության շարունակական հանցագործությունները, բացի ամենից, իսպառ նսեմացնում են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դերն ու առաքելությունը։ Ինչո՞ւ Մոսկվան հստակ չարձագանքեց երեկվա միջադեպին, չէ՞ որ դրանով Ադրբեջանը գունդ թքեց նաև Ռուսաստանի վրա։ Գուցե ժամանա՞կն է դադարել ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, գուցե բա՞վ է դիվանագիտական ռևերանսներ անել միմյանց։ Գուցե եկե՞լ է պահը՝ ընդունելու, որ չկա խաղաղություն տարածաշրջանում և չի լինելու, քանի դեռ ցեղասպան երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ավելի քան մեկ դար անպատիժ գործում են հայոց պետության և ազգի ոչնչացման սեփական պատմական պարադիգմի հունով՝ նույնիսկ ոչ թե համարժեք, այլ ընդհանրապես որևէ գնահատական չստանալով միջազգային հանրություն կոչեցյալի կողմից։

Ուղիղ 2 տարի առաջ ռուս նշանավոր պատմաբան, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը (ցավոք, բառացիորեն օրերս նա հեռացավ կյանքից) «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց. «Հայերի հանդեպ ատելությունը Ադրբեջանում արմատավորվում է մանկապարտեզից»: Էլ ուրիշ ո՞ւմ է անհասկանալի, թե ինչու է հայի սպանությունն Ադրբեջանում համարվում ոչ թե հանցագործություն, այլ հերոսություն։

Երեկ երեկոյան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը։ Մի բառ անգամ չկա Արցախի խաղաղ բնակիչների հանդեպ ադրբեջանցիների կատարած հանցագործության և 22-ամյա հայ երիտասարդի մահվան վերաբերյալ Լավրովի արձագանքի մասին։ Ողբերգության մասին մի բառ անգամ չկա ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարության մեջ։ Կրկին դիվանագիտական ռևերանսներ, թե՞ ջայլամի մարտավարություն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ЧЕМ ПАШИНЯН БЕСЕДОВАЛ С ПОНТИФИКОМ?
      2024-11-20 10:09

      Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ