Последние новости

Կաթողիկոսը Կիպրոսի արքեպիսկոպոսի օգնականին է ներկայացրել բռնի տեղահանված արցախցիների խնդիրները

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Նորին Սրբությունը, ողջունելով Սրբազան Հոր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր շնորհակալությունը հայտնեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։

Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին՝ հույս հայտնելով, որ առ Աստված հավատքով և Տիրոջ զորակցությամբ մեր ժողովուրդը կհաղթահարի Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանական գործողությունների ծանր հետևանքները։

Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշեց, որ իր այցը նպատակ ունի առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն ցուցաբերել արցախահայությանը և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։

Վերջում Հայոց Հայրապետն ի դեմս Պորֆիրիոս եպիսկոպոսի՝ իր եղբայրական սերն ու ողջույնը փոխանցեց Կիպրոսի Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոսին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ