Последние новости

ԵՄ-ն քննադատել է Էրդողանին՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալելու համար

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը և տարեսկզբից պաշտոնյաների, ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների և լրագրողների հետապնդումները հարցեր են առաջացնում Թուրքիայի երկարամյա ժողովրդավարական ավանդույթներին հավատարմության վերաբերյալ: Դրա մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քայա Կալլասի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Բրյուսելը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ապահովել լիարժեք թափանցիկություն և հետևել բոլոր պատշաճ իրավական ընթացակարգերին։ Որպես ԵՄ թեկնածու երկիր և ԵԽ երկարամյա անդամ՝ Թուրքիան պարտավոր է կիրառել ժողովրդավարական ամենաբարձր չափանիշները, ընդգծվում է հայտարարության մեջ։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը քաղաքապետի հետապնդումը անվանել է «լուրջ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը»։ «Մենք հստակ տեսնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար ասպարեզը գնալով փոքրանում է»,- հայտարարել է նա։

Թուրքիայի խոշոր քաղաքներն արգելել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ բողքի ցույցերը, որին ձերբակալել են 2028 թվականի նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր թեկնածու հռչակման շեմին։ Դրա մասին ուրբաթ՝ մարտի 21-ին, հայտնել է dpa գործակալությունը։

Ըստ գերմանական dpa գործակալության՝ մարտի 19-ին ձերբակալված Իմամօղլուն մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և կոռուպցիայի մեջ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքական գործչի նկատմամբ հետաքննություն է իրականացվում ահաբեկչության մեղադրանքով։ Մասնավորապես, նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ։ Պաշտոնական Անկարան հերքում է, որ քաղաքապետի հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի դատախազությունն ավելի քան 100 մարդու, նրանց թվում՝ Ստամբուլի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալելու հրամանագիր է արձակել։

2024 թվականին Թուրքիայում անցկացված մունիցիպալ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները հաղթեցին Էրդողանի թեկնածուներին Անկարայում և Ստամբուլում։ Ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ երկրում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ