Последние новости

Ռուբեն Սահակյանի ելույթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը երկար ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը, առաջադրված մեղադրանքը, տեղեկացնում է aysor.am։

Ըստ փաստաբան Սահակյանի, ընդհանրապես պարզ չէ՝ ո՞րն է ՀՀ քրեական օրենսգրք 300.1 հոդվածի հանցակազմի օբյեկտը։


«Նման հանցակազմով երբևէ քրեական գործ Հայաստանում, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների տարածքում չի քննվել։ Հանցակազմն ընդհանուր է, բայց օբյեկտը չկա։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։

Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարաններն այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Ծանոթացել եք դատարանների որոշումներին՝ ոչ մեկ չի անդրադառնում ու այդ հարցին չեն տալիս պատասխան։ Ուրեմն, կա ինչ-որ մի պատճառ», - հայտարարեց Ռուբեն Սահակյանը։

Փաստաբանը հիշեց 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար ու ավելացրեց.

«2008թ.-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել ևս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։

Այժմ տեղի ունեցողը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ. այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով՝ չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։

Դատախազներն ասում են՝ «այն ժամանակ մեկ այլ բան են արել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք»։ Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է «սխալ մեղուների» մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմն ասոցացվում է «սխալ դատախազների» հետ։

Փաստենք, որ եթե մինչև 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին և մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ ևս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր։ Սա այնքան պարզ միտք է։ Պարզունակ միտք է։ Այսպիսով, պարոն Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008թ.-ին հանցագործություն չի եղել, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց։ Եթե արարքը կատարելու պահին հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008թ.-ին գոյություն չի ունեցել։

Մի նկատառում ևս՝ ոչ ոք չի ուզում խոսել ընդհանրապես դիտավորության մասին. ասում են՝ տապալվել է սահմանադրական կարգը և վերջ։ Հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որևէ մեկն ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որևէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում «0038» հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որևէ քննություն չի կատարվել։ Ինչո՞ւ խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։

Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա։ 41 պատգամավոր հրամանգրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ դրան։ Պատգամավորներ կան, որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, և ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին, թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն։ ՍԴ-ն իրավունք ունի չեղյալ հայտարարել հրամանագիրը, բայց չի արել դա։ Ու այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված եմ, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան։ Նա ընդգծեց՝ իր այս ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության համատեքստում, քանի որ հիմնավորումները «100 տոկոսով նույնական են»։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
    2021-07-12 21:50

    Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

  • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
    2021-07-12 19:55

    Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

  • ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ
    2021-06-24 19:30

    Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

  • ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
    2020-09-29 20:08

    Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: