Նիկոլ Փաշինյան. Մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար
Աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.
«Ես կսկսեմ իմ ելույթը երախտագիտության ավանդական խոսքով՝ այս հանդիպման կազմակերպման, ինչպես նաև մեր երկրի զարգացման ճանապարհների ու այդ ուղղությամբ մեր կառավարության կատարած քայլերի մասին մտքերով կիսվելու հնարավորության համար։
Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարևորագույն ժամանակաշրջանում: Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:
Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: Այս բոլոր դժվարությունները որոշակի ձևով խթանում են մեզ մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների:
Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:
Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արյդունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։
Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի:
Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որևէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար:
Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի:
Հետևաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է և Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն:
Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է և միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսան կենտրոններին:
Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:
Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում:
Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի միջև: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է և ռացիոնալ:
Ես նաև հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է և նույնիսկ անխուսափելի:
Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:
Երրորդը` պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է: Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:
Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:
Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը:
Կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:
Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք և հարստացրեք: Շնորհակալություն»:
Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը:
Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը և չինական CGTV հեռուստաընկերությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-24 13:13
Հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման գործում շատ կարևոր է բիզնեսի մասնակցությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ««Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը և հակակոռուպցիոն համաժողով-2019» ֆորումի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
-
2019-09-24 07:15
Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
-
2019-09-10 21:10
Վահեն չի աշխատում, բայց ուտում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴ դատավորի պաշտոնին անցնելու պահից ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ նիստերին և որոշումների ընդունմանը, ինչպես նաև հանդես չի եկել զեկուցող դատավորի դերում։
-
2019-08-27 13:22
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։