2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրվել և 2019 թվականի ապրիլի 11-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների և ԻԻՀ միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը` նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար: Ժամանակավոր համաձայնագիրը, հանդիսանալով ԵԱՏՄ և Իրանի առևտրատնտեսական ինտեգրման ճանապարհի առաջին քայլը, նախատեսում է նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում: ԵԱՏՄ-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման և խորացման, ինչպես նաև ազատ առևտրի ռեժիմի վերջնական սահմանման գործում չափազանց կարևոր է մեր երկրի դերը, նշանակությունը և նախաձեռնողական քաղաքականությունն առ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: