Логотип

Իրանը մերժել է հակամարտության կարգավորման ամերիկյան պայմանները

Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված հակամարտության կարգավորման պայմանները՝ դրանք որակելով որպես «կապիտուլյացիայի» համարժեք, և հայտարարել է իր միջուկային օբյեկտները պաշտպանելու «լիակատար պատրաստության» մասին, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Tasnim գործակալությունը նշում է, որ Թեհրանը պնդում է «ԱՄՆ-ի կողմից ռազմական փոխհատուցումների, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի լիակատար ինքնիշխանության, պատժամիջոցների դադարեցման և բռնագրավված իրանական ակտիվների վերադարձի» վրա։

Թեհրանի պատասխանում նաև կոչ էր արվում Վաշինգտոնին դադարեցնել ծովային շրջափակումը, երաշխավորել հետագա հարձակումներից հրաժարումը և չեղարկել իրանական նավթի վաճառքի արգելքը, ընդգծում է գործակալությունը։

Միաժամանակ նշվում է, որ իրանական ծրագիրը ներկայացվել է ԱՄՆ-ի առաջ քաշած առաջարկներին ի պատասխան և ընդգծում է իրանական ժողովրդի հիմնական իրավունքները։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի ներկայիս առաջնահերթությունները հստակ են. «Այս պահին մենք որոշել ենք կենտրոնանալ պատերազմի դադարեցման վրա, քանի որ այս հարցը մտահոգում է ողջ տարածաշրջանը, մեր երկիրը և միջազգային հանրությունը»։

Կիրակի օրը հաղորդվել էր, որ Իրանն իր պահանջների հերթական առաջարկները փոխանցել է պակիստանյան միջնորդներին՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

News.am