Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 11-ին նախընտրական քարոզարշավ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում՝ բաժանելով բուկլետներ:
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներից մեկը, ում Փաշինյանը բուկլետ է մեկնել, հրաժարվել է վերցնել այն, ինչից հետո Հայաստանի վարչապետը նստել է նրա կողքին և հարցրել քաղաքացու վատ տրամադրության պատճառների մասին: Վերջինս պատասխանել է, թե այլ տրամադրության համար առիթ չկա:
Ի պատասխան սրա՝ Փաշինյանը վստահեցրել է, որ նման առիթ կա, քանի որ կենսաթոշակների չափն ավելացել է, թոշակառուները դարձել են պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի շահառուներ, կառուցվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, հաստատվել է խաղաղություն, իսկ տնտեսությունը, աշխատավարձերն ու պետական ծախսերն աճում են:
«Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞», – պատասախանել է տղամարդը։
«Էդ սաղ արժի մի հատ հայրեինք։ Երկիրը չի փոքրանում։ Հայաստանի Հանրապետությունը, որքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, հիմա այդքան էլ կա, և սահմանազատման արդյունքում բոլոր այն հատվածներում, որոնց հետ խնդիր կա, այդ բոլոր հատվածներում հարցերը կլուծվեն», – պատասխանել է Փաշինյանը։
Դրանից հետո տղամարդն ասել է, որ ինքն ու Փաշինյանը վաղուց են ճանաչում միմյանց, իսկ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ տղամարդու դեմքն իրեն ծանոթ է։
Վերջինս հայտարարել, որ իրենց ընդհանուր ծանոթը Ալեքսանդր Արզումանյանն է, ով, նրա խոսքով, անձամբ է ամեն ինչ «սովորացրել» Փաշինյանին:
«Ինքը ինձ չի սովորացրել, ինձ համալսարանում են սովորացրել, ինձ աշխատանքի մեջ են սովորացրել։ Հիմա էլ ինքը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Լեհաստանում», – եզրափակել է Փաշինյանը և հեռացել տղամարդուց։
News.am
