Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված խորհուրդն այսօր կընտրի Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Խորհրդի նիստը կկայանա Սուրբ Երրորդություն մայր տաճարում և նախատեսված է սկսել ժամը 13:00-ին:
Ակնկալվում է, որ եկեղեցական հավաքին կմասնակցի շուրջ 1,200 պատվիրակ: Նիստը կներառի Պատրիարքական գահի թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները: Գիտնականներից մեկը հանդես կգա նաև պատմական ակնարկով՝ կապված Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսի հետ:
Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն եպիսկոպոսները: Այն թեկնածուն, ով կստանա քվեարկությանը մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին՝ տվյալ դեպքում 20 ձայն, կհամարվի ընտրված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք:
Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն միայն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ապրիլի 28-ին Պատրիարքարանում գումարված Սուրբ Սինոդի նիստում Սինոդի անդամներն ընտրել են Պատրիարքական գահի երեք թեկնածուների:
Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուներն են՝ Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկույի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելիի և Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբը (Աքիաշվիլի) և Փոթիի ու Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի):
Թեկնածուների ընտրության նախնական քվեարկության ժամանակ տեղապահ Շիոն ստացել է 20 ձայն, իսկ մնացած երկու թեկնածուները՝ 7-ական ձայն:
Հիշեցնենք, որ Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:
Tert.am
