Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է անընդհատ սպառնա Հայաստանին։ Այդ մասին այսօր Գորիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ամենակարող մարդ չէ։ Ադրբեջանն աշխարհի 80–րդ երկիրն է հզորությամբ և այնպես չէ` ուժեղ երկիր է. մեկ անգամ հաղթել է, հեծել է մի մարդու։ Մենք պետք է փոխենք նրան։ Պետք է երկրում իրավիճակ փոխենք. աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. սա այն դարը չէ, որ գա, ասի՝ սա «Արևմտյան Ադրբեջան է» ու վերջ։ Գերտերություններ կան տարածաշրջանում, բոլորին ձեռնտու է Հայաստանի լինելը»,– ընդգծեց նա։
Ըստ Կարապետյանի` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։
«Հասկացանք՝ մեկ անգամ կրվել ենք, ձեր պարտությունն ինչո՞ւ եք մեզ վրա որպես կոմպլեքս բարդում»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է մի քաղաքական գործընթացը և մտադիր է գնալ մինչև վերջ` հասնելու այդ բարդույթի հաղթահարմանը:
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
