Логотип

ՄԱԿ․ Աշխարհը «հումանիտար ճգնաժամի» շեմին է՝ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների արգելափակման պատճառով

Աշխարհը կարող է հայտնվել մասշտաբային հումանիտար ճգնաժամից ընդամենը մի քանի շաբաթ անց՝Հորմուզի նեղուցով պարարտանյութերի տեղափոխման սահմանափակումների պատճառով: Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում դրա մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ սպառնացող աղետը կանխելու համար ստեղծված հատուկ նպատակային խումբը:

«Մենք մի քանի շաբաթ ունենք՝ կանխելու համար այն, ինչը, հավանաբար, կդառնա մասշտաբային հումանիտար ճգնաժամ»,- հայտարարել է ՄԱԿ-ի Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) տնօրեն և այդ աշխատանքային խմբի ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան:

Նա զգուշացրել է, որ ընթացիկ իրավիճակի պահպանման դեպքում աշխարհը կարող է բախվել նրան, որ ևս 45 միլիոն մարդ կհայտնվի սովի և թերսնման վտանգի տակ: Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարման խափանումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային պարենային անվտանգության համար, քանի որ պարարտանյութերն ուղղակիորեն ազդում են շատ երկրների գյուղատնտեսության բերքատվության վրա:

ՄԱԿ-ն իրավիճակը դիտարկում է որպես ծայրահեղ հրատապ և պարենային ճգնաժամի հետագա էսկալացիան կանխելու համար անհապաղ միջոցառումներ պահանջող:

News.am