Հանրային հեռուստաընկերությունը վաղուց վերածվել է «ՔՊ» կուսակցության քարոզչական խոսափողի։ Իջևանի բնակիչների հետ հանդիպումից առաջ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ Հայաստանը պետք է սահմանափակվի 29,800 քառ. կմ-ով (քանի որ այդ միտքը շրջանառում է իշխանական քարոզչամեքենան), Քոչարյանը պարզաբանել է, որ նկատի է ունեցել երկրի ներուժի զարգացումը և միաժամանակ նշել, որ Հայաստանը հարևանների տարածքների նկատմամբ նկրտումներ չունի։
«Հայաստանում կա 3 միլիոն բնակիչ, Սփյուռքում՝ երկու անգամ ավելի։ Այն ժամանակ ես առաջ քաշեցի «փոքր երկիր՝ մեծ խաղացող» գաղափարը և բերեցի այլ երկրների օրինակներ։ Դա Հանրայինով էր, որը վաղուց Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չէ, այլ «ՔՊ»-ի քարոզչական խոսափողը»,- նշել է Քոչարյանը՝ հերթական սուտը անվանելով այն պնդումները, թե ինքը «լեգիտիմացնում է» հարձակումները երկրի վրա։
News.am
