Логотип

Լիտվայի պետական արխիվի կայքում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները

Լիտվայի պետական արխիվի կայքում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները, հայտնում է orer.eu-ն:

«Թուրքիայի և Լիտվայի ԱԳՆ ճնշման ներքո Լիտվայի պետական արխիվի կայքէջից հեռացվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարակումները։

Մայիսի 8-ին, Լիտվիայի կառավարական շրջանակներից տեղեկություն է ստացվել, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր հրապարկումները արխիվի կայքէջում վերականգնվել են»,-ասվում էհրապարակման մեջ:

Արխիվի կայքից նյութերի հեռացման մասին հայտնի է դարձելմայիսի 6-ին՝ այդ մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է արխիվի աշխատակիցներից մեկը։

Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։

«Իմ ներկայիս դիրքորոշումն այն է, որ սա բացարձակապես քաղաքական հարց չէ․ դա գիտական ուսումնասիրություններով հաստատված պատմական փաստերի արձանագրում է», – ընդգծել է Լիտվայի գլխավոր արխիվագետը։

Նա թղթակցին հայտնել է նաև, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։

Իսկ Լիտվայի ԱԳՆ միջամտության մասին կենտրոնական արխիվի փաստաթղթերի տարածման բաժնի ղեկավար Դժյուգինտա Աբրոմայտիենեն նշել է, որ այս հարցով ԱԳՆ ներկայացուցիչներից ոչ պաշտոնական զանգ է ստացել։

«Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ արխիվի կողմից կայքէջում հրապարակված գրառումը կվնասի Լիտվայի և Թուրքիայի միջև երկարաժամկետ հարաբերություններին»,- ասվում էր Elta-ին ուղղված պատասխանում։

Սակայն ԱԳՆ-ն հերքել է, որ պետական կառույցներին այս հարցով որևէ առաջարկ կամ հանձնարարական է տրվել։

Թուրքիայի դեսպանատունն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Լիտվայի Սեյմի 2005 թվականի բանաձևը կողմնակալ է և արտացոլում է միայն այն ընդունած պատգամավորների կարծիքը։ Թուրքիայի դեսպանատունը ընդգծել է, որ «ցեղասպանություն» տերմինը իրավական սահմանում ունի և կարող է հաստատվել միայն իրավասու դատարանների կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի և որ 1915 թվականի իրադարձությունները շարունակում են մնալ քննարկման առարկա, և այս հարցը «անվիճելի փաստ» չէ։ Դեսպանատունը նաև նշել է, որ Թուրքիան չի ժխտում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի կրած տառապանքները և հիշատակում է զոհերին, սակայն դեմ է հարցի քաղաքականացմանը։ Նրանք առաջարկում են ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ անկախ փորձագետների մասնակցությամբ։ Դեսպանատունը նաև կոչ է անում, որ բոլոր արխիվները բաց լինեն գիտական ուսումնասիրությունների համար։

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) դեռևս 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Panarmenian.net